Մեծավանում ավելի քան 30 բնակիչ վարակվել է դիզենտերիայով. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Լոռու մարզի Մեծավան համայնքում դիզենտերիայով վարակվածերի մեծ մասը դուրս են գրվել հիվանդանոցից: Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց Հիվանդությունների կանխարգելման ու վերահսկման կենտրոնի Լոռու մարզային մասնաճյուղի տնօրեն Անժելա Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ներկայումս Տաշիրի բժշկական կենտրոնում ստացիոնար բուժ է ստանում 5 քաղաքացի:
Տնօրենի խոսքով՝ հիվանդության վերաբերյալ առաջին ահազանգերը ստացվել են սեպտեմբերի 19-ից սկսած.«Մեծավանի առողջության պահպանման կենտրոնի հետ համատեղ անմիջապես տնայցեր կազմակերպեցինք, կազմակերպվեց գանգատներ ունեցող մարդկանց բուժումը: Մի մասը հոսպիտալացվեց, մի մասն էլ տեղափոխվեց հիվանդանոց: Մեծ մասը արդեն դուրս է գրվել, հիվանդանոցում մնացել է 5 հոգի»,- ասաց նա:
Մարզային մասնաճյուղի տնօրենը դժվարացավ միանշանակ ասել, որ դիզենտերիայով վարակվելու պատճառը ջուրն է. «Միանշանակ ասել չեմ կարող, պարզապես ջրից վերցված նմուշառումներից պարզվել է, որ ջրի որակը չի համապատասխանել սանիտարական նորմերին: Ջրի ներքին ցանցը ախտահարվել է, կատարվել է մեր ու գյուղապետարանի կողմից գերքլորացում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։