Բաժիններ՝

Կատալոնիայում հոկտեմբերի 1-ին կբացվեն 2315 ընտրատեղամասեր

Կիրակի՝ հոկտեմբերի 1-ին, 5,3 մլն կատալոնացիներ կկարողանան քվեարկել Իսպանիայից տարածաշրջանի անկախության հանրաքվեում: Այդ մասին Բարսելոնայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ժեներալիտետի (Կատալոնիայի կառավարության) պաշտոնական ներկայացուցիչ Ժորդի Տուրուլը

Կբացվեն 2315 ընտրական տեղամասեր, դրանք կաշխատեն առավոտվա ժամը 9-ից մինչեւ երեկոյան ժամը 20-ը: Դրանց աշխատանքը կապահովեն 7,2 հազար կամավորներ: Ընդամենը ընտրացուցակներում գրանցված է հինգ մլն 343 հազար 358 մարդ:

Ժեներալիտետի ներկայացուցչի խոսքով՝ «կամավորները կկարողանան երաշխավորել, որ ամեն ինչ նորմալ կաշխատի»: «Թող բոլորը հանգիստ լինեն, բոլորն էլ կկարողանան քվեարկել»,-հավելել է Տուրուլը:

Կատալոնիայի իշխանությունները պատրաստվում են հոկտեմբերի 1-ին անցկացնել անկախության հանրաքվե, որը չի ճանաչում իսպանական կառավարությունը: Իսպանիայի Սահմանադրական դատարանը կասեցրել է քվեարկության հետ կապված բոլոր փաստաթղթերը, որոնք ընդունվել են ժեներալիտետի եւ Կատալոնիայի խորհրդարանի կողմից: Այսպիսով, դատարանը հանրաքվեի նախապատրաստման նպատակով կատալոնական իշխանությունների հետագա բոլոր գործողությունները հայտարարել է անօրինական:

Հարցումների համաձայն, Կատալոնիայի անկախությունը պաշտպանում է ինքնավար հանրակցության 41 տոկոսը, 49 տոկոսը դեմ է արտահայտվում: Ինքնավար հանրակցության կարգավիճակի շուրջ հանրաքվեի անցկացման օգտին հանդես է գալիս կատալոնացիների 80 տոկոսը, սակայն նրանց մեծամասնությունը գտնում է, որ քվեարկության անցկացումը պետք է համաձայնեցվի Մադրիդի կենտրոնական իշխանությունների հետ: Քվեարկությունը, որը Կատալոնիայի իշխանությունները պատրաստվում են անցկացնել հոկտեմբերի 1-ին, կատալոնացիների 60 տոկոսի կարծիքով, օրինական չէ եւ չի կարող իրավական հետեւանքներ ունենալ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս