
«Չոր պարզաբանումը բավարար չէր». Ոստիկանության շտաբի պետը՝ ասմունքող Լիանա Զուրաբյանի հետ միջադեպի տեսանյութը հրապարակելու մասին

Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանն անդրադարձավ վերջերս մամուլում մեծ արձագանք գտած՝ ասմունքող Լիանա Զուրաբյանի և Ոստիկանության աշխատակիցների վիճաբանության տեսանյութին, որը հրապարկվել էր Ոստիկանության կողմից:
Նախկինում Հ. Քոչարյանը Ոստիկանության այս քայլը որակել էր՝ որպես նախականխարգելիչ գործողություն: Հարցին՝ արդյոք Ոստիկանության նախականխարգելիչ գործողությունը չի՞ խախտում մարդու անձնական տվյալների հրապարակման դրույթը, Հ. Քոչարյանը պատասխանեց, որ իրենք անձնական տվյալ չեն հրապարակել:
«Մենք իրավունք ունենք մեր ծառայողների գործունեության նկատմամբ հսկողություն սահմանել: Եթե տեսանկարահանման ժամանակ երրորդ անձանց մասին տեղեկություն է ստացվում, նրանք տվյալների սուբյեկտ չեն: Ոստիկանությունն այդ անձանց ինքնությունը ճշտելու խնդիր չունի, հատկապես՝ ձեր ասած օրինակում: Այդ անձը լրիվ ներկայացել էր, անուն-ազգանունն ասել էր: Ոստիկանությունն ունի ներքին իրավական ակտ, որտեղ երրորդ անձանց իրավունքները երաշխավորող մեխանիզմներ կան, առաջինը՝ հայտնել, որ տեղի է ունենում տեսանկարահանում, տեսախցիկը փակցնել տեսանելի վայրում, որ քաղաքացին տեսնի, նման տեսանյութները չպահել 48 ժամից ավելի, տեսանյութը, բացի իրավախախտումների քննության նպատակից, որևէ այլ դեպքի համար չօգտագործել: Ինչո՞ւ այդ դեպքի համար օգտագործվեց: Որովհետև նախորդ օրը «Հրապարակ» օրաթերթում հարգարժան քաղաքացին դեպքի մանրամասներն ամբողջությամբ ներկայացրեց հանրությանը՝ դրանով իսկ գաղտնազերծելով իր մասնավոր կյանքին վերաբերող այդ հատվածը: Ընդ որում, իր լուսանկարն էլ էր հրապարակված և բոլոր անհատական տվյալներն էլ՝ հետը: Այսինքն՝ Ոստիկանությունը որևէ գաղտնիք չի բացել»,- հայտարարեց Հ. Քոչարյանը:
Նրա խոսքով՝ միջադեպի բովանդակությունն անձնական տվյալ չէ, դրանք մասնավոր կյանքին վերաբերող տեղեկություններ են, որոնք քաղաքացին ինքը բացահայտել էր. «Ոստիկանությունը մեկ օր սպասել էր: Երբ սկսվեց հանրության մի որոշ հատվածի բացասական արձագանքը Ոստիկանության գործունեության նկատմամբ, մենք հասկացանք, որ չոր պարզաբանումը բավարար չէ այդ մոտեցումը փարատելու համար, դրա համար այդ մոտեցումը որդեգրվեց: Մենք անձնական տվյալ չենք հրապարակել»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: