Վաշինգտոնն ակտիվ շփումներ է պահպանում ինչպես Բաղդադի, այնպես էլ Էրբիլի հետ. Պետդեպ
ԱՄՆ-ի վարչակազմի հարաբերություններն Իրաքյան Քրդստանի իշխանությունների հետ վերջիններիս կողմից անցկացված անկախության հանրաքվեից հետո փոփոխություններ չեն կրի: Սեպտեմբերի 28-ին լրագրողների համար կայացած հերթական ճեպազրույցում դա ընդգծել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Հեզեր Նաուերթը։
Նա հիշեցրել է, որ Միացյալ Նահանգների կառավարությունը հանդես է եկել հիշյալ հանրահարցման կազմակերպման դեմ՝ այն համարելով «ապակայունացնող»: Վաշինգտոնն այժմ էլ հանձնառու է այդ դիրքորոշմանը, հայտարարել է Նաուերթը: Սակայն նրա խոսքով՝ հանրաքվեի անցկացումը, որն Իրաքյան Քրդստանի նկատմամբ առաջ բերեց սահմանափակիչ միջոցների կիրառում, մասնավորապես, Բաղդադի, Անկարայի եւ Թեհրանի կողմից, չեն ազդի Էրբիլի հետ Վաշինգտոնի հարաբերությունների վրա:
«Մենք կցանկանայինք, որ (ստեղծված իրավիճակում) բոլոր կողմերը զսպվածություն ցուցաբերեին: ԱՄՆ-ը չի ցանկանում անել որեւէ բան, որը հրահրեր (հետագա) լարվածություն»,- հավաստիացրել է Նաուերթը: Նրա շարադրած տեղեկությունների համաձայն՝ Վաշինգտոնն ակտիվ շփումներ է պահպանում ինչպես Բաղդադի, այնպես էլ Էրբիլի հետ:
«Մենք արդեն այդ մասին ասել ենք. ԱՄՆ-ը, եթե մեզ խնդրեն, պատրաստ կլինի աջակցել նրանց (Բաղդադի եւ Էրբիլի) երկխոսությանը»,- հիշեցրել է դիվանագետը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: