
«Առաջին անգամ չէ, որ Թուրքիան վնասակար փորձեր է կատարում միջամտելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցում»

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծմանը միջամտելու Թուրքիայի վնասակար փորձերը թույլ չեն տալիս առաջընթաց արձանագրել հակամարտության կարգավորման գործընթացում: Այս մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
– Պարոն Քոչարյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Թուրքիայի պաշտպանության նախարարի հայտարարությունը՝ կապված Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հետ:
– Առաջին անգամ չէ, որ Թուրքիան վնասակար փորձեր է կատարում միջամտելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցում: Հենց դա այն պատճառներից է, որը թույլ չի տալիս հիմնախնդրի կարգավորման գործընթացում առաջընթաց արձանագրել և հենց Անկարայի այս միակողմանի, ապակառուցողական և ԵԱՀԿ Մինսկի Խմբի եռանախագահների դիրքորոշումներին դեմ գնացող մոտեցման պատճառով է, որ Հայաստանը մշտապես կոչ է արել Թուրքիային հեռու մնալ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծման գործընթացից։