
Կիրո Մանոյանը կարևորում է Սերժ Սարգսյանի՝ ՄԱԿ-ի ամբիոնից հնչեցրած շեշտադրումները

ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը կարևորում է ՄԱԿ-ի ամբիոնից ՀՀ նախագահի հնչեցրած շեշտադրումները Արցախի հարցի վերաբերյալ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս տեսակետը հայտնեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարը:
«ՄԱԿ-ի ամբիոնից նախագահը խոսեց երկու կարևոր հարցերի շուրջ: Կարևոր էր նախագահի շեշտադրումը, որ հարցի կարգավորումը պետք է հիմնված լինի Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչման և անվտանգության երաշխիքների վրա»,- ասաց Կիրո Մանոյանը:
Նրա կարծիքով՝ երկրորդ կարևոր շեշտադրումն այն էր, որ Թուրքիայի հետ 2009 թվականի արձանագրությունները նախագահը որակեց սին: «Նախագահն ասաց՝ եթե մինչ գարուն տեղաշարժ չլինի, Հայաստանը չեղյալ է համարելու այդ արձանագրությունները: Իմ կարծիքով, սա նույնիսկ ուշացած քայլ էր, որովհետև Թուրքիան իսկապես նախորդ տարիների ընթացքում ցույց տվեց, որ անկեղծ չէր բանակցությունների ընթացքում: Թուրքիան հիմնական նախապայման է դնում Արցախի հարցը»,-ասաց Մանոյանը:
Նրա կարծիքով՝ նույնիսկ մինչ գարուն սպասելու կարիք չկա, Հայաստանը պետք է չեղյալ համարի այդ արձանագրությունները: