Բաժիններ՝

«Մենք պետք է հասնենք փոխադրման միասնական համակարգի և մաքսային վճարների հստակեցման». Վլադիմիր Բուլավին

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների մաքսային ծառայությունները շատ կարևոր դեր են խաղում միության տարածքում առկա ինտեգրացիոն գործընթացներում: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՌԴ դաշնային մաքսային ծառայության ղեկավար Վլադիմիր Բուլավինը: «Մեր մաքսային ծառայությունները լուծում են հիմնականում երեք խնդիր: Առաջինը մաքսային և հարկային վճարների լիարժեք ապահովումն է, երկրորդը բիզնեսի համար ադմինիստրատիվ ծանրաբեռնվածության աստիճանի նվազեցումն է, իսկ երրորդը` մեր երկրների անվտանգության ապահովումը»,- նշեց Բուլավինը:

Ըստ նրա՝ հենց այս առաջնահերթություններն ապահովելու շուրջ են աշխատում ԵԱՏՄ անդամ երկրների մաքսային ծառայությունները: «Մենք այսօր Երևանում անցկացնում ենք նախկինում Մաքսային միության, այժմ Եվրասիական տնտեսական միության մաքսային ծառայությունների կոլեգիայի 24-րդ նիստը: Իմ գնահատականով, այս նիստերը կարելի է բնութագրել միմյանց ընդառաջ գալու, համագործակցելու, փոխհամաձայնությունների հասնելու և համատեղ աշխատանքի 24 էական քայլեր»,- ասաց ՌԴ դաշնային մաքսային ծառայության ղեկավարը:

Նրա խոսքով՝ նիստի ընթացքում քննարկումը սկսելու են մաքսային և հարկային վճարների լիարժեք ապահովման հարցից:

«Այստեղ կարևոր դեր է խաղում փոխադրվող ապրանքների մաքսային արժեքը: Մենք պետք է հասնենք փոխադրման միասնական համակարգի և մաքսային վճարների հստակեցման: Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում արտադրված ապրանքները համարվում են միության ապրանքներ և ազատ տեղաշարժ պետք է ունենան բոլոր 5 երկրների տարածքում: Այսօր որոշ կատեգորիաների ապրանքների դեպքում շարունակվում են որոշակի անհամաձայնությունները մնալ, դրա համար մենք քննարկելու ենք, թե ինչպես միավորենք մեր մոտեցումները` կապված մաքսային վճարների հստակեցման հետ: Հարցը հեշտ է թվում, սակայն շատ դժվարություններ կան: Մենք հետևողականորեն վերացնում ենք առկա անհամաձայնությունները»,- մանրամասնեց Բուլավինը:

Նիստի օրակարգի երկրորդ կարևոր հարցը բիզնեսի համար ադմինիստրատիվ ծանրաբեռնվածության աստիճանի նվազեցումն է:

«Ինչի՞ հաշվին ենք մենք պատրաստվում թեթևացնել բիզնեսի համար ադմինիստրատիվ ծանրաբեռնվածությունը: Առաջին հերթին մենք դա անելու ենք տեղեկատվական ռեսուրսների ընդունման, հեռահաղորդակցման տեխնոլոգիաները զարգացնելու միջոցով: Գործընթացների ավտոմատացումը հնարավորություն կտա էականորեն արագացնել մաքսային ձևակերպումները և բիզնեսի համար նվազեցնել ժամանակի և ֆինանսական ծախսերը:

Այս հարցում շատ կարևոր է, որ 5 երկրի մաքսային ծառայությունների տեղեկատվական համակարգերը սինխրոնացվեն, քանի որ դրանք պատմականորեն ինքնուրույն են ձևավորվել: Կարևոր է վերաթարմացնել այդ համակարգերը՝ միասնական տեղեկատվական համակարգ ստեղծելու համար»,- ասաց Վլադիմիր Բուլավինը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս