Շիրակում 32-ամյա երիտասարդը հատակ լվանալու փայտով հարվածել է խորթ մորը, սպանել. նրան տեսել են մոր կողքին կանգնած լաց լինելիս
Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ 32-ամյա երիտասարդը մեղավոր է ճանաչվել սպանության և գողության կատարման մեջ: Դատարանը նրա նկատմամբ որպես պատիժ է նշանակել 12 տարի ժամկետով ազատազրկում: Ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնվել է անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
32-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով, այն բանի համար, որ նա Գյումրի քաղաքի բնակչուհուն պատկանող գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ քննությամբ չպարզված օրը և ժամին պատուհանի ապակին տեղահան անելու միջոցով ապօրինի մուտք է գործել տնակ և այնտեղից գողացել 7.000 դրամ արժողությամբ «Կոսմոս» ֆիրմայի արտադրության հեռուստացույցը:
Բացի այդ, ըստ մեղադրանքի՝ գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, շիզոֆրենիայով տառապող, 2-րդ խմբի հաշմանդամ հանդիսացող խորթ մոր կողմից՝ տնից դուրս գալու և հեռանալու ցանկություն հայտնելուց հետո, նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, տան բակում, այնուհետև՝ նաև տան հյուրասենյակում՝ ձեռքերով, ոտքերով և հատակ լվանալու փայտով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին` գլխին, դեմքին, պարանոցին, կրծքավանդակին, գոտկատեղին, նստատեղին, վերին և ստորին վերջույթներին՝ սպանելով նրան:
Ինչ ցուցմունք է տվել ամբաստանյալը
Ըստ դատական ակտի՝ գործի մինչդատական վարույթում և դատաքննության ընթացքում 32-ամյա տղամարդն առաջադրված մեղադրանքում իրեն մասնակիորեն է մեղավոր ճանաչել, ընդունել է մեղքը մոր սպանության դրվագով, իսկ տուժողի գույքի հափշտակության դրվագով իրեն մեղավոր չի ճանաչել:
Դատաքննության ընթացքում էլ, օգտվելով իր դատավարական իրավունքից, հրաժարվել է առաջադրված մեղադրանքի շուրջ ցուցմունք տալուց: Գործի մինչդատական վարույթում՝ որպես կասկածյալ և մեղադրյալ հարցաքննության ժամանակ, ցուցմունքներ է տվել, որ 1988թ. հոկտեմբերի 7-ի երկրաշարժի հետևանքով մայրը մահացել է, և ինքը գտնվել է հոր խնամքի տակ, ով հետագայում ամուսնացել է տուժողի հետ. վերջինս տառապում է հոգեկան հիվանդությամբ: Ըստ դատական ակտի՝ նախաքննության ընթացքում ամբաստանյալը ցուցմունք է տվել, որ խորթ մայրն իր հետ լավ չի վարվել, հաճախ ծեծի է ենթարկել իրեն և անպատվելով «բիճ» է անվանել: Հետագայում հայրը ևս մահացել է, և ինքը մնացել է խորթ մոր խնամքին:
Ըստ դատական ակտի՝ ամբաստանյալը նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել, որ դեպքի օրը գյուղի բնակիչներից մեկի սառնարանից վերցրել է իր կողմից գնված միսը և մետաղյա քառակուսի թավան, սթափ վիճակում տուն է գնացել:
Մինչ տուն հասնելը խորթ մորը տեսել է տան բակի մոտ գտնվող փողոցում: Վերջինս, գտնվելով հոգեկան անհավասարակշիռ վիճակում, ինքն իրեն խոսել է և հայտնել է, որ իրեն ինչ-որ ձայներ են կանչում, ցանկանում է տանից հեռանալ և ինչ-որ տեղ գնալ: Փորձել է նրան տուն տանել, սակայն վերջինս հակառակվել է, որի պատճառով իր նյարդերը տեղի են տվել, և նրա մազերից քաշելով՝ տարել է դեպի տուն:
Ըստ ընդհանուր իրավասության դատարանի վճռի՝ ամբաստանյալ երիտասարդը ցուցմունք է տվել, որ ճանապարհին բռունցքով հարվածել է խորթ մոր գլխի գագաթային հատվածին, իսկ ձեռքերով և ոտքերով՝ մարմնի տարբեր մասերին` պատճառել մարմնական վնասվածքներ: Խորթ մորն ուժով տուն մտցնելու ընթացքում մեջքից հրել է, որի հետևանքով վերջինս կորցրել է հավասարակշռությունը և բակում ընկել է:
Մոտենալով նրան՝ տեսել է, որ վերջինս ընկնելու հետևանքով գլխի գագաթային շրջանում արյունահոսող մարմնական վնասվածք է ստացել, որից հետո խորթ մորը թևանցուկ անելով՝ քաշելով մտցրել է հյուրասենյակ, լվացել է գլուխը և պառկեցրել իր անկողնում, որից հետո զբաղվել է տնային գործերով և այդ ընթացքում տանը միայնակ, մոտ 250 գրամի չափով օղի է խմել:
Մոտավորապես 10 րոպե անց խորթ մայրը, անկողնուց վեր կենալով, ցանկացել է տանից հեռանալ, նրան տանից դուրս չթողնելու համար երեք անգամ ապտակել է դեմքին, ձեռքերով և ոտքերով հարվածել մարմնի տարբեր մասերին և հյուրասենյակի մուտքի դռան կողքից վերցնելով հատակ լվանալու փայտը՝ դրա բռնակի հատվածով հարվածներ է հասցրել խորթ մոր մեջքին և ոտքերին, որի հետևանքով փայտի բռնակը կոտրվել է, բեկորները շպրտվել են սենյակով մեկ:
Այնուհետև տուժող կնոջ նկատմամբ ուժ գործադրելով՝ նրան տարել և պառկեցրել է հյուրասենյակի բազմոցին, որից հետո տանը միայնակ խմել է ևս 250 գրամ օղի: Դրանից հետո ցանկացել է կրկին օղի խմել, և քանի որ գյուղի խանութներն այդ ժամին փակ են եղել, ցանկացել է գնալ Գյումրի քաղաք: Տանից դուրս է եկել՝ տուժողին հայտնելով, որ գնում է Գյումրի:
Այդ ժամանակ վերջինս եղել է կենդանի վիճակում` բազմոցի վրա պառկած, և ասել է, որ ուր ուզում է՝ կարող է գնալ: Տանից դուրս գալով՝ փակել է մուտքի դուռը և խորթ մորը տանը միայնակ թողնելով՝ գնացել է Գյումրի:
Գյումրիում կրպակից գնել է 300 գրամ օղու սպիրտ և այն շշի մեջ ջրով բացելով, միայնակ խմելով՝ քայլել է, ապա վերադարձել գյուղ: Տան մուտքի դուռը գտնվել է փակ վիճակում, այն բացել, մտել է հյուրասենյակ և դեպի 2-րդ ննջասենյակ տանող դռան հատվածում բերանքսիվայր գետնին ընկած վիճակում տեսել է խորթ մորը, ով կենդանության նշաններ ցույց չի տվել:
Հարբած լինելու պատճառով չի հիշում, թե դրան հաջորդող ժամանակահատվածում ինչ է կատարվել: Ստույգ չգիտի, թե իր որ հարվածի հետևանքով է տուժողը մահացել: Կատարածի համար զղջացել է:
Վկաներից մեկը հայտնել է, որ մուտքի դռան մոտից տեսել է՝ սենյակի դռան հատվածում գետնին ընկած մի կին կա, իսկ կնոջ մոտ կանգնած մի տղա լաց է եղել: Իմացել է, որ լացող տղան ամբաստանյալն է, իսկ գետնին ընկած կինը՝ նրա խորթ մայրը:
Վկաներից մեկն էլ հայտնել է, որ ամբաստանյալը պատմել է դեպքի մանրամասները, նշել, որ խորթ մորը ծեծի ենթարկելուց հետո նրան պառկեցրել է սենյակի բազմոցի վրա և օղի գնելու համար գնացել է Գյումրի և ժամը 05:00-ի սահմաններում տուն վերադառնալով՝ պարզել է, որ մայրը մահացած է: Ամբաստանյալը լաց լինելով հայտարարել է, որ ինքն է մորը ծեծելով սպանել:
Ամբաստանյալը կարող էր գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը
Ըստ դատական ակտի՝ դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ տուժող կնոջ մահը պայմանավորված է սուր թոքային անբավարարությամբ, որն էլ պայմանավորված է դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերված՝ գլխի, նստատեղի, ձախ ստորին վերջույթների սալջարդ վերքերով, դեմքի, պարանոցի, կրծքավանդակի, գոտկատեղի, վերին և ստորին վերջույթների շրջանների տարածուն քերծվածքներով և արյունազեղումներով:
Տուժողի դիակի դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերվել են գլխի, նստատեղի, ձախ ստորին վերջույթների սալջարդ վերքեր, որոնք հասցվել են կենդանության օրոք, սահմանափակ մակերես ունեցեղ բութ առարկաների ներգործության հետևանքով, հնարավոր է՝ որոշմամբ նշված ժամանակահատվածում ու հանգամանքներում, իսկ դեմքի, պարանոցի, կրծքավանդակի, գոտկատեղի, վերին և ստորին վերջույթների շրջանների տարածուն քերծվածքները և արյունազեղումները հասցվել են կենդանության օրոք, բութ առարկաների ներգործության հետևանքով, հնարավոր է՝ որոշմամբ նշված ժամանակահատվածում ու հանգամանքներում, կենդանի անձանց մոտ ունեն առողջությանը ծանր վնասի պատճառման հատկանիշներ, մահվան պատճառի հետ գտնվում են ուղղակի պատճառական կապի մեջ և որոնք էլ բերել են մահվան:
Համաձայն ստացիոնար դատահոգեբուժական և դատահոգեբանական փորձաքննության եզրակացության՝ ամբաստանյալը հոգեկան հիվանդությամբ չի տառապել և չի տառապում, այլ հանդիսանում է էմոցիոնալ անկայուն տիպի շեշտված անձնավորություն: Ինչպես իրավախախտում կատարելիս, այնպես էլ ներկայումս նա կարող էր և կարող է գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը և ղեկավարել դրանք: Իրավախախտում կատարելիս փորձաքննվողը չի գտնվել նաև հոգեկան գործունեության որևէ ժամանակավոր հիվանդագին խանգարված վիճակում, որը կարող էր զրկել նրան գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը և ղեկավարել դրանք: Ուստի իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ նա մեղսունակ է ճանաչվել: Իրավախախտում կատարելու նախորդող ժամանակահատվածում փորձաքննվողը, կապված մոր վարքի հետ, գտնվել է հուզական լարված, վրդովված և նեղսրտած վիճակում, ինչն էլ պատճառական կապ է ունեցել սպանության կատարման հետ, հարկ է նշել, որ փորձաքննվողը երկար ժամանակ չարաշահել է ալկոհոլային խմիչքներ, որն էլ պատճառ է հանդիսացել նրա հուզական շեմի իջեցմանը, սակայն, այնուամենայնիվ, նրա մտավոր զարգացածության աստիճանը թույլ էր տալիս ընկալել և հետագայում ճիշտ վերարտադրել շրջապատում կատարվածը: