«Մենք ցանկանում ենք աշխատել Հայաստանի կառավարության հետ, որպեսզի Հայաստանը գրավիչ լինի առևտրի համար». Ալան Դանքըն
Լրագրողներից մեկը Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարության Եվրոպայի և Ամերիկաների նախարար Սըր Ալան Դանքընից հետաքրքրվեց, թե ինչ քայլեր են ձեռնարկվում Հայաստանում ներդրումները խթանելու ուղղությամբ:
Ի պատասխան՝ Ա. Դանքընը նախ՝ նշեց, որ դա լրջագույն հարցերից է, որ իրենք ուզում են քննարկել այս այցի ընթացքում. «Մենք ուզում ենք ամեն ինչ անել, որ առևտուրը մեծացնենք: Մի քանի մոտեցումներ կան: Նախ՝ մենք ցանկանում ենք աշխատել Հայաստանի կառավարության հետ, որպեսզի Հայաստանը գրավիչ լինի առևտրի համար, ունենա լավ բիզնես միջավայր, այդ պարագայում է, որ ներդրողներն ուզում են գալ: Մի լավ քայլ կա, որ դուք փորձում եք անել, դա գործընթացն է՝ միանալու Արդյունահանող ոլորտների թափանցիկության նախաձեռնությանը, որին ակնկալում եք միանալ հաջորդ տարի, ինչն աշխարհին ցույց է տալիս, որ արդյունահանող ոլորտներում, հատկապես՝ հանքարդյունաբերությունում, դուք շատ բարձր չափանիշ եք ձևակերպելու: Այդ պարագայում է, որ ներդրողները գալիս են ներդրումներ անելու»: