
Պաղեստինն անդամակցեց Ինտերպոլին

Պաղեստինը, ինչպես նաեւ Սողոմոնի կղզիները դարձել են Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության (Ինտերպոլի) անդամներ: Այս մասին հաղորդվում է Ինտերպոլի Twitter-ում։ «Պաղեստին եւ Սողոմոնի կղզիներ պետություններն այժմ Ինտերպոլի անդամ երկրներ են»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ, այսպիսով, կազմակերպության անդամ երկրների թիվն այս պահին կազմում է 192: Պաղեստինի իշխանություններն Ինտերպոլի անդամակցման հայտ էին ներկայացրել 2015 թվականին:
Ինտերպոլը միջազգային կազմակերպություն է, որի հիմնական խնդիրը մասնակից երկրների ազգային իրավապահ մարմինների ջանքերի միավորումն է ընդհանուր քրեական հանցավորության դեմ պայքարի բնագավառում: Կազմակերպության կենտրոնակայանը գտնվում է Ֆրանսիայի Լիոն քաղաքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: