«Ապացուցեք, որ դուք ճիշտ եք, ներողություն խնդրեմ». Արամ Սարգսյան
Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նիստում Հայաստանի մասով Եվրասիական Տնտեսական Միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագծի քննարկումների ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանը հայտարարեց, թե ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու որևէ անհրաժեշտություն չկա, և չկա հիմնավորում, որ գործող մշտական հանձնաժողովը պակաս լիազորություններ ունի ու չի կարող անդրադառնալ հարցին:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ իրենք կողմ են քննարկմանը, սակայն, ըստ նրա, ԵԱՏՄ-ի հետ հարաբերություններում առավել խնդրահարույց է այն, թե ինչու ՀՀ իշխանությունները չեն կարողանում լիարժեք օգտագործել ԵԱՏՄ-ի ընձեռած հնարավորությունները:
ՀՀԿ-ական Արտաշես Գեղամյանը «փաստարկների» շղթա ներկայացրեց տարբեր ապրանքների հնարավոր թանկացումների մասին ու ընդհանրապես հարցի քննարկումները «վտանգավոր» որակեց:
«Ո՞րն է էն հարցը, որ ՀՀԿ-ն, Դաշնակցությունը միաբերան որոշած եկել են` չենք ուզում հանձնաժողով ստեղծել: Տասնյակ արգումենտներ կան, որ սա կարող է օգուտ բերել: Դուք էլ գիտեք, որ տասնյակ հարցեր կան, որ այս հանձնաժողովի ստեղծելը կարող է օգուտ բերել: Ես ինձ զգում եմ թշնամու թիկունքում: Ապացուցեք, որ դուք ճիշտ եք, ներողություն խնդրեմ»,- վրդովված հայտարարեց «Ելքի» պատգամավոր Արամ Սարգսյանը:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանն առաջարկեց հարցի քննարկումը տեղափոխել նոյեմբերի 25-ից հետո, երբ նախատեսվում է ԵՄ-ի հետ նոր պայմանագրի կնքումը:
Իսկ Արմեն Աշոտյանը ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու գաղափարն անվանեց ամենաթույլ փաստարկը, քանի որ եթե «Ելքը» հայտարարում է, թե Հայաստանը պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից, այլևս ի՞նչ իմաստ ունի ժամանակավոր հանձնաժողով ստեղծել` ուսումնասիրություններ անելու համար: Նրա պնդմամբ` «ձին սայլից հետո կապելու» փորձն իմաստ չունի: