Վիննիցայի մարզի զինապահեստում պայթյունները որակել են որպես դիվերսիա
Ուկրաինայի զինվորական դատախազությունը Վիննիցայի մարզի Կալինովկա բնակավայրի մերձակա զինամթերքի պահեստում հրդեհն ու պայթյունները որակել է որպես դիվերսիա: Այս մասին հայտնել է Ուկրաինայի անվտանգության ծառայության մամուլի քարտուղար Ելենա Գիտլյանսկայան:
«Հարավային տարածաշրջանի զինվորական դատախազությունը հարուցել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածով՝ «Դիվերսիա»,- մեջբերում է անում նրա խոսքիից ՈՒՆԻԱՆ գործակալությունը: «Մեր աշխատակիցները կմտնեն քննչական խմբի կազմի մեջ, շարունակվում են օպերատիվ եւ քննչական գործողությունները»,- հավելել է նա:
Սեպտեմբերի 26-ին Երեւանի ժամանակով 23:00-ին Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության ստորաբաժանումներում տեղեկատվություն է ստացվել պաշտպանության նախարարության ռազմական պահեստներում ռազմամթերքի պայթյունների մասին, պահեստներ, որոնք գտնվում են Վիննիցայի մարզի Կալինովկա ավանի մերձակայքում: Զինանոցում, որի մակերեսը շուրջ 60 հեկտար է, պահվում էր 188 հազար տոննա ռազմամթերք: Փրկարարները վտանգավոր գոտուց տարահանել են ավելի քան 30 հազար մարդու, հաղորդել է ՏԱՍՍ-ը: