
Obamacare-ը չեղարկել չի ստացվում. հանրապետականները վերստին պարտություն են կրում

Բարաք Օբամայի ամենանշանակալից գործերից մեկը՝ Obamacare բժշկական ապահովագրության համակարգը, փոխելու երկրորդ փորձը անհաջողության է մատնվել՝ նոր օրենքի շուրջը բուն Հանրապետական կուսակցությունում առկա տարաձայնությունների պատճառով, տեղեկացնում է BBC-ին:
Մենի նահանգից հանրապետական սենատոր Սյուզան Քոլինզը դարձել է Հանրապետական կուսակցության երրորդ անդամը, որը հանդես է եկել Obamacare-ին փոխարինելու կոչված նոր օրենքի դեմ: Մինչ այդ օրինագծի դեմ են հանդես եկել Արիզոնայից սենատոր Ջոն Մակքեյնը եւ Քենտուկիից սենատոր Ռենդ Փոլը: Հանրապետական կուսակցության ղեկավարությունը հարկադրված է եղել հետ կանչել վիճելի օրինագիծը, Obamacare բժշկական ապահովագրության ծրագրի փոխարինման՝ կուսակցության պլանն այս շաբաթ քվերակության չի դրվի:
Obamacare-ը փոխարինելու անընդունակությունը լուրջ հարված Է Հանրապետական կուսակցության ղեկավարությանը եւ նախագահ Դոնալդ Թրամփին, որը նախագահական ընտրություններում անկյունաքար էր դարձրել Obamacare-ից հրաժարումը:
Հանրապետականները չեն կարողանում փոխհամաձայնության գալ, եւ դա չնայած այն բանին, որ Հանրապետական կուսակցութունը պահպանում է մեծամասնությունը Կոնգրեսի երկու պալատներում: