«Ընտրություններին մասնակցելով նպատակ չենք ունեցել 5 տարի շարունակ բոյկոտել նիստերը»
Ինչո՞ւ ընդդիմադիր ԳԱԼԱ խմբակցությունը որոշեց դադարեցնել Գյումրու ավագանու նիստերի բոյկոտը: Գյումրու ավագանու գործունեության և այլ հարցերի մասին է 168.am-ի զրույցը ԳԱԼԱ խմբակցության ղեկավար Արմենուհի Վարդանյանի հետ։
– Արմենուհի, ինչպե՞ս կգնահատեք Գյումրու նախկին և ներկա քաղաքային իշխանությունների գործունեությունը:
– Չեմ փորձի տարանջատել: Երկու դեպքում էլ ՀՀԿ-ի դեմքն ու դիմագիծն են, անկախ նրանից՝ ինչպես են ներկայացել գյումրեցիներին: Տարիներ շարունակ սպասարկել են ռեժիմին, ծառայել հլու-հնազանդ, կատարել իջեցված հրահանգները, և այլն: Առանձնապես գնահատելու բան չկա: Բավական է նայել` ինչ վիճակում է այսօր Գյումրին, գնալով որքան խնդիրներ են կուտակվել. 45 տոկոս աղքատություն, գործազուրկների աճ, հազարավոր անօթևաններ, անավարտ մնացած բնակարանաշինություն: Այսպիսին է ՀՀԿ թիմի «աշխատանքի» արդյունքը: Մեղմ հաշվարկներով, շուրջ 30.000 քաղաքացի է հեռացել Գյումրիից վերջին տասը տարիների ընթացքում:
Առհասարակ, մարդիկ, ովքեր ուզում են առավել ցցուն կերպով տեսնել, թե ՀՀԿ-ականներն ինչպես են «աշխատել» տարիներ շարունակ, հրավիրում եմ Գյումրի՝ խայտառակ փողոցներով և թաղամասերով շրջելու, հրավիրում եմ նաև նորակառույց թաղամաս, որը կիսադատարկ է, որովհետև մարդիկ փակել են դռներն ու ընտանիքներով հեռացել:
– Արդյո՞ք արդյունավետ է Գյումրու ավագանու գործունեությունը՝ ի շահ Գյումրու որոշումներ կայացնելու հարցում:
– Եթե ներկա ավագանու մասին է ձեր հարցադրումը, դեռևս վաղ եմ համարում խոսել այդ մասին: Հիշեցնեմ, որ 2016 թվականի հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո օրենքի կամայական մեկնաբանության արդյունքում ՀՀԿ-ն խիստ վիճահարույց հանգամանքներում կարողացավ պահպանել իշխանությունը Գյումրիում, կատարվեց մանդատների ապօրինի բաշխում:
Այսօր «Բալասանյան դաշինքն» ունի 17 մանդատ, մյուս երեք քաղաքական ուժերը միասին՝ 16: Ամեն դեպքում դադարեցնելով բոյկոտը, անելու ենք հնարավորը, որ մեր գործընկեր ավագանու անդամներին բացատրենք, որ հնարավոր է ի շահ Գյումրու ցուցաբերել սկզբունքայնություն, համագործակցված և թիմային աշխատանքի արդյունքում կարեցածի չափով նպաստել մեր քաղաքի զարգացմանը: Որքանով կստացվի՝ կտեսնենք առաջիկայում:
– 2016 թվականի հոկտեմբերին տեղի ունեցան Գյումրու ավագանու ընտրությունները: Արդյունքում՝ երկրորդ անգամ քաղաքապետ ընտրվեց ՀՀԿ–ի աջակցությունը վայելող Սամվել Բալասանյանը: Չընդունելով ընտրությունների արդյունքները՝ ԳԱԼԱ–ն, ՀՎԿ–ն և ԲՀԿ–ն որոշեցին դիմել Սահմանադրական դատարան, արդյունքի չհասնելով՝ որոշեցին բոյկոտել ավագանու նիստերը: ԳԱԼԱ–ի պարագայում բոյկոտի դադարեցումն ինչո՞վ է պայմանավորված:
– Հիշեցնեմ, որ բոյկոտը ժամանակավոր էր: Ընտրական գործընթացից հետո մենք հանդես եկանք հայտարարությամբ, որ մանդատների ապօրինի բաշխման դեպքում ավագանու անդամները բոյկոտելու էին ավագանու բոլոր նիստերը՝ մինչև դատական վերջին ատյանի հնարավորությունների սպառումը:
Դատական ատյաններում խնդրի կարգավորման միջոցները սպառված են, խնդիրը, սակայն, հանգուցալուծված չէ: Փոփոխված ընտրական օրենսգրքով փաստացի գործող իշխանությունների նպատակը ոչ թե, այսպես կոչված, բարեփոխում իրականացնելն էր, այլ այնպիսի խութեր ստեղծելը, որոնցով փաստացի իշխանություն ունեցողները հնարավորություն կունենան կամայական քմահաճության սկզբունքով կամ ըստ քաղաքական պատվերի՝ իրականացնել մանդատի բաշխում, ինչը տեղի ունցավ Գյումրիում և Վանաձորում:
Ներպետական դատական ատյանները սպառելուց հետո ԳԱԼԱ-ն որոշեց՝ մասնակցելով Գյումրի համայնքի ավագանու աշխատանքներին, այսուհետ նաև այդ հարթակն օգտագործել որպես գործիք, լինել հակակշիռ՝ հավատարիմ մնալով մեր 2016 թվականի նախընտրական ծրագրում ամրագրված սկզբունքներին:
– Բոյկոտը դադարեցնելու վերաբերյալ ԲՀԿ–ի, ՀՎԿ–ի հետ ընդհանուր համաձայնությա՞ն էիք եկել:
– Ոչ, իհարկե: Ինչպես նշեցի, բոյկոտը ժամանակավոր էր, և դատական ատյանները սպառելուց հետո յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքնուրույն է որոշել անելիքը:
– Ավագանու նիստերին ընդդիմադիրների մասնակցությունն ինչպե՞ս կազդի ավագանու հետագա գործունեության վրա:
– Ավագանու նիստերին մեր մասնակցությունն իր դրական ազդեցությունը կունենա. կարծում եմ՝ քաղաքային իշխանությունները կլինեն ավելի զգոն, աշխատանքի թափանցիկության առումով կլինի փոփոխություն, սակայն իմ ցանկությունն այն է, որ իսկապես հաջողվի Գյումրիում ունենալ օրինակելի ավագանի, Հայաստանի երկրորդ քաղաքում տրվի փոփոխությունների մեկնարկը:
– Գյումրու նախորդ ավագանու կազմում, կարելի է ասել՝ ընդդիմություն ասվածը գրեթե գոյություն չուներ, այժմ, 17/16 հարաբերակցության պայմաններում, երբ «Բալասանյան դաշինքն» ունի մեկ ավել մանդատ, չկա՞ մտավախություն, որ ձեր շատ ծրագրեր ու նախագծեր կարող են կյանքի չկոչվել, քանի որ մեկ ձայնը որոշումների կայացման հարցում վճռորոշ է լինելու:
– Իհարկե կա այդ մտավախությունը, ի՞նչ կարող ենք անել: ԳԱԼԱ-ն ունի 4 մանդատ, և էլի եմ ասել՝ անելու ենք հնարավորը՝ մեր ծրագիրը կյանքի կոչելու համար: Եթե որևէ նախաձեռնություն, որը բխում է համայնքի, գյումրեցու շահերից, մյուս քաղաքական ուժերը մերժեն, պետք է հանգամանալից բացատրեն՝ ինչո՞ւ:
– Եղան նաև կարծիքներ, որ բոյկոտը դադարեցնող ուժերը դավաճանել են իրենց սկզբունքներին: Ի՞նչ կարծիքի եք նման հրապարակումների մասին:
– Անտրամաբանական կարծիք է: Հասկանալի է, չէ՞, որ մենք ընտրություններին մասնակցելով՝ նպատակ ենք ունեցել՝ քաղաքի կառավարման գործում դերակատարություն ունենալ, այլ ոչ թե՝ 5 տարի շարունակ բոյկոտել նիստերը:
Այլ հարց է, թե առհասարակ Հայաստանում քաղաքական բոյկոտը պայքարի արդյունավե՞տ ճանապարհ է, կա՞ արդյոք այլ, ավելի արդյունավետ ուղի: Սա, կարծում եմ, քննարկման այլ թեմա է:
Անահիտ Սիմոնյան