Իրանը փակեց Իրաքյան Քրդաստանի հետ ցամաքային սահմանը
Իրանը միակողմանի կարգով փակել է Իրաքյան Քրդաստանի հետ ցամաքային սահմանը Իրաքի իշխանությունների համապատասխան դիմումից հետո: Այդ մասին Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Հասեմին հայտնել է սեպտեմբերի 25-ին։
«Մենք մեր սահմանները Իրաքյան Քրդաստանի համար փակել ենք Իրաքի կառավարության պաշտոնական դիմումին համապատասխան: Մենք հարգում ենք Իրաքի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության սկզբունքները եւ դրա դեմ ուղղված բոլոր նախաձեռնությունները սխալ ենք համարում»,-ԱԳ նախարարության ներկայացուցչի խոսքը մեջբերում է Mehr գործակալությունը:
Ավելի վաղ Թեհրանը Բաղդադի պաշտոնական պահանջով կասեցրել էր ավիահաղորդակցությունը Իրաքյան Քրդստանի հետ: Իրաքյան Քրդստանի հետ ցամաքային հաղորդակցության դադարեցման մասին որոշումն ընդունվել է այնտեղ անցկացվող անկախության հանրաքվեի պայմաններում, ինչին դեմ է Իսլամական Հանրապետությունը:
Ինչպես անցած շաբաթ հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, Իրանը «ճանաչում է միայն այն համաձայնագրերը, որոնք ստորագրվել են Բաղդադի հետ», իսկ հանրահարցումը եւ Իրաքից Քրդստանի անջատումն «ինքնաբերաբար կչեղարկի անվտանգության վերաբերյալ Իսլամական Հանրապետության հետ կնքված բոլոր համաձայնագրերը եւ կբերի նրա հետ ցամաքային սահմանի փակման», հաղորդել է ՏԱՍՍ-ը: