Բաժիններ՝

Այս տարի արտաքին պարտքը կավելանա 400 մլն դոլարով և կկազմի 5.4 մլրդ

Մինչև այս տարվա վերջ ՀՀ պետական պարտքը կկազմի ՀՆԱ-ի 58.8%: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Ըստ նրա` 2016թ. պետական պարտքը եղել է 5.9 մլրդ դոլար, այս տարի արտաքին պարտքը կավելանա 400 մլն-ով, ներքինը` 30 մլն դոլարով, և ընդհանուր արտաքին պարտքը կկազմի 5.4 մլրդ դոլար, ներքինը` 1.26 մլրդ դոլար: Նա նշեց, որ ներգրավվող գումարներն առավելապես ուղղվում են տրանսպորտային ծրագրերին, ոռոգման արդիականացմանը, այսինքն` հիմնականում` ենթակառուցվածքների վրա:

«Մենք ցածր պարտքի շեմ ունեցող երկրների շարքում ենք, թեև մոտ ենք այդ միջակայքի վերին շեմին և միջին պարտքի ցուցանիշ ունեցողների շարք անցնելուն»,- ասաց նախարարը:

Վ.Արամյանը նշեց, որ իրավիճակի բարելավման համար ԱՄՀ-ի հետ նախաձեռնություն ունեն. «Առաջարկելու ենք հարկաբյուջետային կանոններ, որ միջնաժամկետում պարտքը հետ բերենք կոմֆորտ զոնայի մեջ»:

Նա շեշտադրեց, որ բացարձակ թվերն այնքան էլ կարևոր չեն, այլ կարևոր է վարվող քաղաքականությունը, թե ինչպես է կայունացվում և աստիճանաբար նվազեցվում պարտքը, և կարևոր է, որ դա լինի ՀՆԱ առաջանցիկ աճի հաշվին, ոչ թե՝ Հունաստանի օրինակով: Նախարարը նշեց, որ սեպտեմբերի սկզբին ակադեմիական շրջանակների հետ է քննարկվել այդ առաջարկը, իսկ առաջիկայում ԱԺ-ում կքննարկվի. «Կանոնների կարևորագույն մեխն այն է, որ անկախ նրանից, թե ով կլինի ֆինանսների նախարարը, հարկաբյուջետային քաղաքականությունը պետք է իրականացվի կանոններով: Մենք կանոններ ենք նախագծում և, կարծում եմ, մեր երկրի համար լավ է լինելու»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս