Բաժիններ՝

Հայկական դոլման՝ որպես «Fast food»

Եթե անգլերենից բառացիորեն թարգմանենք ֆաստ-ֆուդ (Fast food) բառը, ապա կստացվի՝ արագ մթերք: Այս ուտեստների առավելությունը պատրաստման մինիմալ ժամանակն ու ցածր գինն է: Հատկապես մեծ քաղաքներում, որտեղ կյանքի ռիթմն արագ է, ֆաստ-ֆուդը մեծ պահանջարկ ունի: Աշխարհի տարբեր խոհանոցներում գոյություն ունեն արագ պատրաստվող կերակուրներ, օրինակ` իտալական պիցցան, վրացական խաչապուրին, և այլն: Հայկական խոհանոցում նմանատիպ ուտեստ գտնելը շատ բարդ է:

Երբևէ կմտածեի՞ք, որ փողոցում կամ շուկայում կարող են դոլմա վաճառել, ինչպես կարկանդակներ են վաճառում: Լուսինե Հարությունյանը հենց այդպես էլ անում է. նա Մոսկվայի Դանիլովսկի շուկայում («Даниловский рынок») հիմնել է յուրահատուկ ձևաչափ ունեցող «Դոլմաստեր» («Долмастер») սրճարան, որտեղ դոլման որպես արագ ուտեստ է վաճառվում: Այս զարմանալի կնոջը հաջողվել է գրեթե ամբողջ Մոսկվային ծանոթացնել հայկական դոլմայի հետ և տարածել հայկական ռեհանի, ուրցի, խաղողի թփի բույրն ամբողջ շուկայով: Այն խաղողի թփի, որի պտուղներից ամենահամեղ հայկական գինիներն են պատրաստվում:

«Երբ պատրաստվում էինք հիմնել սրճարանը՝ մենք չունեինք ոչինչ, միայն գաղափար ու ինչ-որ բան ստեղծելու մեծ ցանկություն կար: Ես ուզում էի, որ մարդիկ ծանոթանան հայկական խոհանոցին և սիրեն այն: Չնայած այն հանգամանքին, որ Մոսկվայում հայերը շատ են, այստեղ քիչ են հայկական ռեստորանները, իսկ այն ռեստորանները, որ կան, հիմնականում շքեղ են ու թանկ, և ստացվում է այնպես, որ հայկական ռեստորաններ են գնում կամ հայերը, կամ հայերի ընկերները: Այդ պատճառով մենք ցանկանում էինք մատչելի և բոլորին հասանելի հայկական ուտեստներ վաճառել:

Կարդացեք նաև

Մտածեցինք, որ հայկական ֆաստ-ֆուդը կարելի է սկսել դոլմայից, քանի որ այն ամենահայտնի հայկական կերակուրն է: Սկզբում կար մտավախություն, որ այս տարբերակը չի աշխատի, քանի որ ֆաստ-ֆուդը մարդիկ վերցնում են և գնում, իսկ դոլմայի դեպքում պետք է նստել և ուտել: Մենք երկար ժամանակ փորձում էինք տարբեր ձևով փաթաթել դոլման, որպեսզի հարմար որևէ տարբերակ ստանանք, ի վերջո, որոշեցինք վաճառել փայտե ափսեներով:

Մենք պարզապես չենք վաճառում սնունդը, նաև պատմում ենք հայկական խոհանոցի և կերակրատեսակի պատմության մասին: Ուտելիքը զգալը շատ կարևոր է, ունենք հաճախորդներ, ովքեր փորձելով հայկական ուտեստները՝ որոշել են այցելել Հայաստան: Գիտեք, դա առաջին քայլն է, երբ ծանոթանում ես խոհանոցի հետ, ցանկանում ես տեսնել այդ երկիրը, որի համն ու բույրը զգացել ես ուտելիքի միջոցով: Բացի այդ, ես աշխատում եմ, բոլոր այն մթերքները, որ հնարավոր է տանել Հայաստանից, այստեղից տանել, քանի որ դրանց մեջ է Հայաստանի համը:

Մեզ մոտ հաճախ են հյուր գալիս հայտնի մարդիկ՝ հայկական դոլման փորձելու: Մի անգամ Թինա Կանդելակին էր հյուր եկել, երբ տեսավ, որ խաչապուրի ենք վաճառում, ասաց՝ չէ՞ որ խաչապուրին վրացական ուտեստ է, ինչո՞ւ եք այստեղ վաճառում, մենք էլ պատասխանեցինք՝ իսկ ո՞ր վրացական ռեստորանում հայկական դոլմա չեն մատուցում, բացի այդ, խաչապուրիի խմորը հայերն ուրիշ տարբերակով են պատրաստում»,- պատմեց Լուսինեն:

ՇՈւՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս