Բաժիններ՝

Սպանությունների թիվը նվազել է

Վերջերս համացանցում որոշ լրատվամիջոցներ չակերտավոր վերլուծություններ էին արել հանրապետությունում տիրող օպերատիվ իրավիճակի մասին ու հայտնագործել, թե իբր սպանություններն ու ապօրինի զենքերի թիվն աճել է։ Սա, մեղմ ասած, իրականությանը չի համապատասխանում, չի կարելի մեկ-երկու հասարակական հնչողություն ունեցող դեպքով թյուր եզրակացություններ անել, ոստիկանության ամենօրյա աշխատանքն ու վիճակագրությունը հակառակն են ապացուցում։

2017 թվականին ոստիկանության ստորաբաժանումների կողմից հայտնաբերվել, առգրավվել կամ բնակչության կողմից կամավոր հանձնվել է 457 միավոր հրազեն։
Ի դեպ, անցած տարվա համեմատությամբ 21-ով պակասել են սպանությունները։ Անցած տարվա առաջին ութ ամիսներին սպանվել է 63 քաղաքացի, այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 43։

Հայաստանի ոստիկանության շուրջ մեկդարյա և ամենօրյա գործունեության ընթացքում ապօրինի զենք, զինամթերք հայտնաբերելը եղել է ու կա հանցագործությունների կանխման գլխավոր պայմաններից մեկը։ Քանի որ, ինչպես ասվում է, նույնիսկ պատից կախված հրացանը տարին մեկ անգամ կրակում է։ Ոստիկանության աշխատանքը ապօրինի զենք-զինամթերք հայտնաբերելու ուղղությամբ հետևողական է։

2017 թվականին հանրապետությունում գրանցված 12484 հանցագործություններից ընդամենը 37-ն են կատարվել հրազենի գործադրմամբ, որը կազմում է 0,2 տոկոսը։ Ի դեպ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կատարվել է 49 հանցագործություն։
Նշված 457 միավոր զենքից 48-ը եղել է ատրճանակ, 59-ը՝ ինքնաշեն ատրճանակ, 23 ինքնաշեն կրակող սարք, 34 ինքնաձիգ, 10 ինքնաշեն ինքնաձիգ, 269 տարբեր տեսակի գործարանային և ինքնաշեն հրացան, 9 տարբեր տեսակի գործարանային և ինքնաշեն նռնականետ և 5 այլ զենքեր։ Բացի այդ, հայտնաբերվել և առգրավվել է 55,792 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ։

ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի հատկանիշներով՝
ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու համար սպառնում է ազատազրկում մինչև 8 տարի ժամկետով։ Բայց եթե քաղաքացին կամովին հանձնում է զենքը, ազատվում է քրեական հետապնդումից։

Բացի ամենօրյա աշխատանքից ոստիկանությունը տարվա ընթացքում իրականացնում է «Զինանոց», «Կանեփ-կանաչ», «Կանալ», «Նելեգալ» համալիր օպերատիվ կանխարգելիչ միջոցառումները, որոնց ընթացքում հայտնաբերվում և առգրավվում են տարբեր տեսակի զենքեր։

Ամփոփելով՝ կարող ենք փաստել, որ հանրապետությունում անցած տարվա առաջին ութ ամիսների համեմատ նվազել են սպանությունների, հետևաբար սպանվածների և հրազենով հանցագործությունների թիվը։

Վերջում դիմենք քաղաքացիներին, եթե ունեք զենք ու զինամթերք, հորդորում ենք հանձնել ոստիկանությանը, կամավոր հանձնողները կազատվեն քրեական հետապնդումից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս