Բաժիններ՝

«ԱրՄաթի» շրջանավարտների 84 %-ն ընդունվել է բուհ, 39%-ը սովորելուն զուգընթաց՝ նաև աշխատում է

Գործարկվել է Հայաստանում ավելի քան 5000 դպրոցականների միավորող «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաների ցանցի պաշտոնական կայքը` Armath.am-ը:

Armath.am կայքը բացառիկ է, քանի որ այստեղ ներառված է տեղեկատվություն Հայաստանի տարածքում գործող բոլոր 210 լաբորատորիաների և դասավանդող խմբավարների մասին:  Յուրաքանչյուր դպրոցական, ծնող կարող է կապ հաստատել ցանկացած խմբակի հետ, ինչպես նաև ծանոթանալ, թե ինչ ծրագրեր ու սարքավորումներ ունի տվյալ խմբակը:

Սերվերը գտնվում է Հայաստանում: Առաջիկայում «ԱրՄաթի» բոլոր խմբավարներն ու սաները կունենան անձնական հաշիվ, կկարողանան ինքնուրույն տեղեկատվություն ավելացնել և շփվել միմյանց հետ: Հատկանշական է, որ համակարգն աշխատում է նույնիսկ ինտերնետի բացակայության պայմաններում:

Արմաթցիներն ու կայքի այցելուները կգտնեն նաև ամբողջական տեղեկատվություն դպրոցականների համար անցկացվող մի շարք խրախուսական մրցույթների («ԴիջիԿոդ», «ԱրմՌոբոտիքս», «Բաց խաղ», «ԴիջիՔեմփ» և այլն) մասին: Այստեղ են նաև «ԱրՄաթի» ուսուցման նյութերը թե՛ խմբավարների, և թե՛ դպրոցականների համար:

Կարդացեք նաև

Հայաստանի տեխնոլոգիական ապագայի զարգացմանն ուղղված այս նպատակի իրականացման համար Armath.am նորաստեղծ կայքում գործում է նաև հատուկ բաժին ծրագրի աջակցման և նվիրատվությունների համար: Աջակցել ցանկացողները կարող են ընտրել այն համայնքը, դպրոցը, որտեղ ցանկանում են ներդրում կատարել: Կայքը ստեղծվել է «Ինստիգեյթ մոբայլ», «Իվորքս» և «Լևիաթան» ընկերությունների կողմից:

Սեպտեմբերի 22-ին «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաների կայքի պաշտոնական գործարկումից բացի՝ «Գրանթ Թորնթոն» ընկերության ներկայացուցիչ Դավիթ Մանուկյանը ներկայացրել է ընկերության կողմից իրականացված «ԱրՄաթ» կրթական ծրագրի արդյունավետության գնահատման հետազոտության արդյունքները:

Ըստ վերոնշյալ հետազոտության՝ «ԱրՄաթի» շրջանավարտների 84 %-ն ընդունվել է բուհ, որից 82%-ը՝ բնական գիտությունների, ՏՏ և տեխնիկական մասնագիտությունների գծով:

Հարցվողների 39%-ը սովորելուն զուգընթաց՝ նաև աշխատում է, 4%-ը՝ միայն աշխատում:

Հարցվողների միայն 19%-ն է նախընտրել «ԱրՄաթն» ավարտելուց հետո կրթությունը շարունակել այլ՝ ոչ ՏՏ մասնագիտությունների գծով:

Աշխատանք ունեցողների 45%-ը ներգրավված են ծրագրավորման բնագավառում, 12%-ը հիմնել են ստարտափ, ևս 29%-ը ներգրավված են ՏՏ ոլորտի այլ աշխատանքներում, իսկ մնացածը կատարում են ինժեներական և տեխնիկական աշխատանքներ:

Աշխատանք ունեցող կամ ստարտափ հիմնած պատանիների աշխատավարձերը տատանվում են 50-300 հազար դրամի սահմաններում՝ միջինում կազմելով 132,561:

Այսպիսով, «ԱրՄաթի» շրջանավարտների 43%-ն աշխատանքի է ընդունվել կամ ստարտափ է հիմնել ՏՏ կամ տեխնիկական ոլորտում: Իսկ սաների 37%-ը բուհից հետո ՏՏ ոլորտի պոտենցիալ աշխատող է։

Հավելենք, որ «Ապագայի ալգորիթմը» կրող «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաների ցանցը հիմնվում է ԻՏՁՄ-ի կողմից ՀՀ Կառավարության և դոնոր կազմակերպությունների ու անհատների աջակցության վրա: «ԱրՄաթում» ուսուցումն անվճար է, իսկ եթե դպրոցում դեռևս չկա խմբակ, ապա դպրոցականները կարող են այցելել հարակից բնակավայրերում գործող «ԱրՄաթ» խմբակ:

Ավելի քան 80 անդամ կազմակերպություն միավորող ԻՏՁՄ-ի ռազմավարական նպատակներից է՝ ժամանակակից տեխնոլոգիական կրթության անվճար պայմաններ ապահովել 10 տարեկանից սկսած բոլոր դպրոցականների համար և մինչ 2019 թ. «ԱրՄաթ» խմբակներ հիմնել բացառապես բոլոր դպրոցներում (շուրջ 1200): Այսպիսով, տարեցտարի ինժեներական մտքի զարգացումը կբերի Հայաստանի՝ որպես բարձր տեխնոլոգիական պետության վերածնունդին:

Հիշեցնենք նաև, որ օրերս կայացած Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ ներկայացվել էր «ԱրՄաթը»: 

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս