«Ինձ շատ ավելի էֆեկտիվ եմ զգում այս դաշտում». Դանիել Իոաննիսյանը՝ Ժիրայր Սէֆիլյանի կոչ մասին

«Ճիշտն ասած, նորություն ասացիք, ես դա չգիտեի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ նախագահ Դանիել Իոաննիսյանը՝ խոսելով Ժիրայր Սէֆիլյանի կոչի մասին:

Հիշեցնենք, որ անազատության մեջ գտնվող Ժիրայր Սէֆիլյանն «Արմավիր» ՔԿՀ հասցեական դիմում է հղել Հայաստանի ընդդիմադիր հասարակական և քաղաքական գործիչներին՝ կոչ անելով «վերջ տալ ինքնախաբեությանը և ընդդիմադիր դաշտում ձևավորվող նոր օրակարգով ստեղծել Ազգային դիմադրության ճակատ» և իշխանափոխություն իրականացնել:

«Ժամանակն է, որ դուք ազգին ու Հայրենիքին վերադարձնեք այն ամենը, որ ստացել եք որպես շնորհներ, հարգանք, հեղինակություն և կարգավիճակ։ Սարդարապատային ներկայիս իրավիճակում ձեր պարտքն է՝ զանգեր հնչեցնել և ժողովրդին առաջնորդել ապստամբության։ Թամար Հովհաննիսյանին և Պետրոս Մակեյանին խնդրում եմ ստանձնել կից ցուցակում նշված գործիչներին համախմբելու և Ճակատի ձևավորման համար անհրաժեշտ նախնական կազմակերպչական աշխատանքի պատասխանատվությունը։

Ստորև հրապարակում եմ (այբբենական կարգով) սույն դիմումի հասցեատերերի ցուցակը, որն, անշուշտ, սպառիչ չէ և պետք է համալրվի ինքնառաջադրման կամ երաշխավորության կարգով. Առաքելյան Արմինե, Անդրեասյան Կարեն, Ավետիսյան Վոլոդյա, Բադասյան Վահան, Բաղդասարյան Ալբերտ, Բարսեղյան Լևոն, Գրիգորյան Արմեն, Դիլբարյան Նարինե, Ենիգոմշյան Ալեք, Զոհրաբյան Ապրես, Իոաննիսյան Դանիել, Խառատյան Հրանուշ Կարապետյան Ռուբեն, Կյուրեղյան Արմենակ, Հովհաննիսյան Արմեն, Հովհաննիսյան Թամար, Հովհաննիսյան Հմայակ, Հովհաննիսյան Րաֆֆի, Մակեյան Պետրոս, Մարտիրոսյան Արմեն, Մարտիրոսյան Վահրամ, Միքայելյան Սասուն, Պապյան Արա, Պետրոսյան Եղիշե, Ռուբինյան Կարապետ, Սանասարյան Դավիթ, Սաֆարյան Ստեփան, Փաշինյան Նիկոլ, Փոստանջյան Զարուհի, Օհանյան Սեյրան, Օսկանյան Վարդան»,- գրել է Ժիրայր Սէֆիլյանը։

Ինչպես արդեն նշեցինք` այդ գործիչների ցանկի մեջ է նաև Դ. Իոաննիսյանը:

«Կարող եմ ասել, որ մենք աշխատում ենք հասարակության հետ, որպեսզի ՀՀ հասարակությունը դառնա ավելի գիտակից, իրազեկ ու կարողանա որոշումներ կայացնել, և իր այդ որոշումներով առաջնորդվի պետությունը: Ես այն մարդկանց թվին չեմ պատկանում, որ համարում են՝ վաղն իշխանությունները կդառնան բարի ու պուպուշ, բայց ամեն դեպքում, կարծում եմ, որ մենք պետք է ուժեղացնենք հասարակությանը, ու մենք ուժեղացնում ենք հասարակությանը, որ կայացնի որոշումներ և ժողովրդավարական մեխանիզմներով պարտադրի իշխանությանը, պետությանը: Ժողովրդավարական բազմաթիվ մեխանիզմներ կան, որպեզի հասարակությունը կարողանա որոշումներ պարտադրել իշխանությանը»,- նշեց մեր զրուցակիցը:

Մեր ճշտող հարցին՝ այսինքն՝ ուզում եք ասել, որ Դուք Ձեր առաքելությունը փողոցային պայաքարում չե՞ք տեսնում, Դ. Իոաննիսյանն այսպես պատասխանեց. «Փողոցային պայքար ասվածը մի քիչ լայն բան է, ես չեմ ասում, որ ես երբեք ցույցերի չեմ մասնակցի, բայց ես ասում եմ, որ հիմնականում «Իրազեկ քաղաքացիների» միավորում կազմակերպության առաքելությունը դա է՝ հասարակությանը դարձնել ավելի ժողովրդավար, որ հասարակությունն ինքը կարողանա ինքնուրույն որոշումներ կայացնի և ժողովրդավարական եղանակով պարտադրի իշխանություններին»:

Հարցին էլ՝ եթե այդ ճակատը ձևավորվի, Դուք այնտեղ Ձեզ չե՞ք տեսնում, մեր զրուցակիցն այսպես արձագանքեց. «Քանի որ ես հայտարարությանը ծանոթ չեմ, չգիտեմ՝ ինչ ճակատի մասին է խոսքը: Ես նախկինում 7 տարի եղել եմ «Ժառանգություն» կուսակցության ակտիվ անդամ, կուսակցությունն էլ կարելի է ճակատ համար, բայց ես անձամբ ինձ շատ ավելի էֆեկտիվ եմ զգում այս դաշտում: Բայց ես չգիտեմ՝ Ժիրայր Սէֆիլյանն ինչ է հայտարարել»:

Տեսանյութեր

Լրահոս