Պետրոս Մակեյանն ընդունում է Ժիրայր Սէֆիլյանի՝ իշխանափոխություն իրականացնելու համար ճակատ ստեղծելու առաջարկը

Ինչպես հայտնի է, անազատության մեջ գտնվող Ժիրայր Սէֆիլյանն «Արմավիր» ՔԿՀ հասցեական դիմում է հղել Հայաստանի ընդդիմադիր հասարակական և քաղաքական գործիչներին՝ կոչ անելով «վերջ տալ ինքնախաբեությանը և ընդդիմադիր դաշտում ձևավորվող նոր օրակարգով ստեղծել Ազգային դիմադրության ճակատ» և իշխանափոխություն իրականացնել:

«Ժամանակն է, որ դուք ազգին ու Հայրենիքին վերադարձնեք այն ամենը, որ ստացել եք՝ որպես շնորհներ, հարգանք, հեղինակություն և կարգավիճակ։ Սարդարապատային ներկայիս իրավիճակում ձեր պարտքն է՝ զանգեր հնչեցնել և ժողովրդին առաջնորդել ապստամբության։ Թամար Հովհաննիսյանին և Պետրոս Մակեյանին խնդրում եմ ստանձնել կից ցուցակում նշված գործիչներին համախմբելու և Ճակատի ձևավորման համար անհրաժեշտ նախնական կազմակերպչական աշխատանքի պատասխանատվությունը։

Ստորև հրապարակում եմ (այբբենական կարգով) սույն դիմումի հասցեատերերի ցուցակը, որը, անշուշտ, սպառիչ չէ և պետք է համալրվի ինքնառաջադրման կամ երաշխավորության կարգով. Առաքելյան Արմինե, Անդրեասյան Կարեն, Ավետիսյան Վոլոդյա, Բադասյան Վահան, Բաղդասարյան Ալբերտ, Բարսեղյան Լևոն, Գրիգորյան Արմեն, Դիլբարյան Նարինե, Ենիգոմշյան Ալեք, Զոհրաբյան Ապրես, Իոաննիսյան Դանիել, Խառատյան Հրանուշ, Կարապետյան Ռուբեն Կյուրեղյան Արմենակ, Հովհաննիսյան Արմեն, Հովհաննիսյան Թամար, Հովհաննիսյան Հմայակ, Հովհաննիսյան Րաֆֆի, Մակեյան Պետրոս, Մարտիրոսյան Արմեն, Մարտիրոսյան Վահրամ, Միքայելյան Սասուն, Պապյան Արա, Պետրոսյան Եղիշե, Ռուբինյան Կարապետ, Սանասարյան Դավիթ, Սաֆարյան Ստեփան, Փաշինյան Նիկոլ, Փոստանջյան Զարուհի, Օհանյան Սեյրան, Օսկանյան Վարդան»,- գրել է Ժիրայր Սէֆիլյանը։

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը 168.am-ի հետ զրույցում ողջունեց Ժ. Սէֆիլյանի կոչը:

«Հիմնականում կիսում եմ այն մտահոգությունները  և գնահատականները, որ գրված է տեքստում, բնականաբար, նաև դրական եմ համարում այն ցուցակը, որը հրապարակվել է՝ տարբեր քաղաքական մոտեցումներ, պատկերացումներ ունեցողներ, ինչը ցույց է տալիս երկրի օրհասական վիճակը: Բնականաբար, ես այս 20 տարիների ընթացքում եղել եմ այս համակարգի դեմ պայքարի առաջին գծում՝ ցանկացած կարգավիճակում, որևէ խնդիր չեմ տեսել ու, բնականաբար, որպես կոչը դրական համարող՝ կարող եմ ընդունել, կարծում եմ՝ առաջիկայում հանդիպումներ կլինեն, որից հետո գնահատականները կհստակեցվեն»,- նշեց մեր զրուցակիցը:

Մեր ճշտող հարցին՝ այսինքն՝ Դուք զինված, փողոցային պայքարի կողմնակի՞ց եք, Պ. Մակեյանն այսպես պատասխանեց.

«Զինված պայքարի կոչ չեմ նկատել այդ տեքստի մեջ, նա ասում է՝ ազգային դիմադրության շարժում: Կարծում եմ՝ դրան պետք է մասնակցի յուրաքանչյուր հայ մարդ, որը տեսնում է իրական Հայաստանի վիճակը»:

Տեսանյութեր

Լրահոս