
Լոնդոնի ահաբեկչությանը մասնակցելու մեղադրանք է առաջադրվել 18-ամյա սիրիացուն

Մեծ Բրիտանիայի դատական իշխանությունները Լոնդոնի մետրոյում կատարված ահաբեկչությանը մասնակցելու մեղադրանք են առաջադրել Սիրիայից սերված 18-ամյա Ահմեդ Հասանին, ինչի մասին գրել է The Guardian-ը` հղում անելով Սքոթլանդ-Յարդին։
Ոստիկանության հայտարարության համաձայն, երիտասարդին մեղադրանքներ են ներկայացվել մետրոյի ուղեւորների սպանության փորձի, ինչպես նաեւ այն բանի համար, որ հենց նա է պայթուցիկ սարքը գործի դրել «Փարսոնս գրին» կայարանում: Ոստիկանությունը Հասանին ձերբակալել էր սեպտեմբերի 16-ին Դուվրում:
Ընդամենը ոստիկանությունը Ահաբեկչությանը հակազդելու մասին օրենքի գործողության շրջանակներում այդ գործով կալանքի տակ է վերցրել վեց տղամարդու: Հասանից բացի, ձերբակալված են նաեւ 21-ամյա մի իրաքցի, 48, 30, 25 եւ 17 տարեկան տղամարդիկ:
Լոնդոնի մետրոյում ահաբեկչական գործողությունը կատարվել է անցած շաբաթ: Պայթյունի հետեւանքով վիրավորվել է 30 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: