Թելերսոնը չի պատրաստվում թողնել ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնը
Ռեքս Թելերսոնը, իր մասին խոսելով երրորդ դեմքով, հայտարարել է, որ ԱՄՆ-ի պետքարտուղարը պլանավորում է մնալ իր պաշտոնում։ Ավելի վաղ ԶԼՄ-ներում հաղորդագրություններ էին հայտնվել այն մասին, որ Թելերսոնը կարող է պաշտոնաթող լինել, իսկ նրա տեղը կզբաղեցնի ՄԱԿ-ին առընթեր ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին:
«Կարծում եմ՝ մենք պետքարտուղար ունենք: Եվ ես կարծում եմ, որ նա պլանավորում է մնալ իր պաշտոնում»,-ասել է Թիլերսոնը ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որի ընթացքում խնդրել էին մեկնաբանել այդ ասեկոսեները: ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին նախօրյակին հայտարարել է, թե չի ցանկանում ԱՄՆ-ի պետքարտուղար դառնալ: «Ո՛չ, չեմ ցանկանում»,-ասել է Հեյլին մամուլի ասուլիսում՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին:
«Ես պարզապես փորձում եմ լավ անել իմ գործը եւ պատասխան տալ դրա համար: Ես փորձում եմ ամերիկյան ժողովրդին իրազեկել այն ամենի մասին, ինչ գիտեմ: Ես փորձում եմ հնարավորինս ավելի լավ ծառայել այս երկրի նախագահին: Եթե մարդիկ ցանկանում են այդ մասին ինչ-որ այլ բան մտածել, դա նրանց գործն է, եւ ես դրա վրա ժամանակ չեմ ծախսում»,- հավելել է Հեյլին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: