Բաժիններ՝

Հունգարիան ԵՄ-ից պահանջել է հարգել միգրանտների երկիր չդառնալու իր ցանկությունը

Հունգարիան Եվրամիությունից պահանջում է հարգել բազմազգ երկիր չդառնալու իր ցանկությունը: Այդ մասին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է Լեհաստանի վարչապետ Բեատա Շիդլոյի հետ սեպտեմբերի 22-ին Վարշավայում կայացած հանդիպմանը։

«Եվրոպայում ստեղծվել է նոր իրադրություն: Պարզորոշ երեւում է, որ Եվրոպան բաժանված է երկու խմբի՝ երկրներ, որոնք դարձել են միգրանտական. դրանք հիմնականում նախկին գաղութային երկրներն են. եւ ոչ միգրանտական երկրներ, որոնք ժողովրդագրական խնդիրները ցանկանում են լուծել իրենց ընտանեկան քաղաքականության օգնությամբ»,-ասել է Օրբանը:

«Մենք չենք ցանկանում դառնալ ներգաղթյալների երկիր: Բայց այժմ միգրանտական երկրները ցանկանում են, որ մենք դառնանք հենց այդպիսին»,-հավելել է նա: «Մենք պատասխանատու ենք հունգարների ապագայի համար, այդ թվում՝ դեռ չծնվածների: Մենք չենք ցանկանում որպես ժառանգություն նրանց միգրանտական երկիր թողնել: Մենք չենք քննադատում միգրանտական երկրներին, բայց պահանջում ենք, որ հարգեն մեր դիրքորոշումը»,-հայտարարել է Հունգարիայի վարչապետը: «Չենք ցանկանում դառնալ ներգաղթյալների երկիր: Չենք ցանկանում խառը բնակչություն: Մենք այլ ելք ենք փնտրում»,-եզրափակել է նա:

Իր հերթին Շիդլոն հայտարարել է, որ երկու երկրների վարչապետներն ընդհանուր դիրքորոշում ունեն Եվրոպայի միգրացիոն ճգնաժամի վերաբերյալ: «Անօրինական միգրացիային դիմակայելու՝ մեր կառավարությունների ընտրած ձեւը ճիշտ դուրս եկավ: Գլխավոր նպատակը քաղաքացիների անվտանգությունն է»,-ասել է Լեհաստանի վարչապետը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս