
Կատալոնիայի էկոնոմիկայի դեպարտամենտի ղեկավարը պաշտոնաթող է արվել

Կատալոնիայի կառավարությունը պաշտոնից ազատել է ինքնավարության էկոնոմիկայի դեպարտամենտի ղեկավար Ժոզեպ Մարիա Ժովեին: Այդ մասին սեպտեմբերի 22-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Կատալոնիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ժորդի Տուրուլը:
Դա արվել է նրան տուգանքից պաշտպանելու նպատակով, որը պաշտոնյայի վրա սեպտեմբերի 19-ին դրվել էր Իսպանիայի Սահմանադրական դատարանի կողմից: «Այդ պաշտոնյային պաշտպանելու լավագույն միջոցը նրան պաշտոնաթող անելն էր»,-ասել է Տուրուլը:
Սեպտեմբերի 21-ին Իսպանիայի Սահմանադրական դատարանի նիստում միաձայն որոշում Է ընդունվել Կատալոնիայի անկախության հանրաքվեի կազմակերպման մասնակիցներին տուգանել իր որոշումներին չենթարկվելու համար, որոնք արգելում են հանրահարցման անցկացումը: Ժոզեպ Մարիա Ժովեին պարտավորեցրել էին ամեն օր մուծել 12 հազար դոլար, իսկ նահանգի տարածքային վարչակազմերին՝ որպես տուգանք 6 հազարական դոլար այնքան ժամանակ, քանի դեռ նրանք չեն դադարեցրել հանրաքվեի կազմակերպման գործունեությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: