Բաժիններ՝

Գերմանիայում խորհրդարանական ընտրությունների արդյունքում հայտնի կդառնա երկրի նոր կանցլերը

Գերմանիայում սեպտեմբերի 24-ին կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ. քվեարկության արդյունքներով կորոշվի նոր կանցլերի թեկնածությունը։

Ընտրական տեղամասերը կբացվեն ժամը 8:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 10:00-ին), քվեարկությունը կավարտվի ժամը 18:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 20:00-ին): Մոտավորապես հենց այդ ժամանակ էլ կհայտնվեն exit poll-երի՝ ընտրատեղամասերից դուրս գալիս ընտրողների հարցումների արդյունքները:

Քվեարկության արդյունքների պաշտոնական ամփոփումն առցանց-ռեժիմով կանցկացվի Գերմանիայի համերկրային ընտրական կոմիտեի ինտերնետ-կայքում: Ընտրությունների արդյունքների վերջնական պատկերն ընդհանուր գծերով հայտնի կլինի սեպտեմբերի 25-ի առավոտյան:

Ընտրություններից հետո ոչ ուշ, քան 30 օր անց պետք է տեղի ունենա նոր գումարման խորհրդարանի առաջին կազմակերպական նիստը, դրանով իսկ ընտրությունների վերջնական արդյունքները կհամարվեն հաստատված:

Ընդհանուր առմամբ 42 կուսակցություններ են հավակնում Գերմանիայի 19-րդ գումարման Բունդեսթագի տեղերին, որոնք կկարողանան ստանալ 5 տոկոսի արգելքը հաղթահարած կուսակցությունները: Կուսակցական ցուցակներով կընտրվեն 34 միավորումներ, եւս ութ կուսակցություններ թեկնածուներ են առաջադրել ըստ ընտրական տարածքների:

Վերլուծաբանները նշում են, որ հաղթելու շանսեր ունեն վեց կուսակցություններ: Փորձագետների գնահատումներով՝ ֆավորիտը կանցլեր Անգելա Մերկելի ՔԴՄ/ՔՍՄ կուսակցական դաշինքն է:

Ինչպես ենթադրում են վերլուծաբանները, երկրորդ տեղը կարող է բաժին հասնել Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը (ԳՍԴԿ)՝ Մարտին Շուլցի գլխավորությամբ: Նաեւ խորհրդարան անցնելու շանսեր ունեն «Ազատ դեմոկրատական կուսակցությունը» (ԱԴԿ), «Կանաչները» եւ «Ձախերը», նշում են փորձագետները: Սպասվում Է, որ այս անգամ համերկրային խորհրդարանում առաջին անգամ կհայտնվի «Այլընտրանք Գերմանիայի համար» աջ կուսակցությունը:

Գերմանիան օգտագործում է այսպես կոչված խառը ընտրական համակարգը, որի դեպքում 299 պատգամավորներ ընտրվում են կուսակցական ցուցակներով (համամասնական համակարգ), իսկ մնացածները՝ այն ընտրատարածքներում, որտեղ թեկնածուներն առաջադրվում են ուղղակիորեն (մեծամասնական համակարգ):

Հաղթած կուսակցությունը կամ կուսակցությունների դաշինքը, որը ձեւավորվում է այն դեպքում, եթե կուսակցություններից ոչ մեկին չի հաջողվել մեծամասնություն հավաքել, առաջարկում է կանցլերի պաշտոնում իր թեկնածուին, որին հաստատում է նոր խորհրդարանը: Խորհրդարանի լիազորությունների ժամկետը Գերմանիայում կազմում է չորս տարի:

Ընտրություններին կկարողանան մասնակցել մոտավորապես 61,5 մլն գերմանացիներ, որոնցից 31,7 միլիոնը կանայք են եւ 29,8 միլիոնը՝ տղամարդիկ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս