Պարտապանը կկարողանա արգելանքն այլ գույքի վրա տարածելու միջնորդություն ներկայացնել հարկադիր կատարողին
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունն արժանացավ կառավարության հավանությանը:
ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ նախագծերի ընդունման արդյունքում կբարձրանա ԴԱՀԿ-ի գործունեության արդյունավետությունը, ինչպես նաև գույքի հարկադիր իրացման կապակցությամբ հարկերի՝ պետբյուջե մուտքերի պատշաճ ապահովումը:
Նախարարի խոսքով, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով սահմանվել են հարկադիր կատարողի կողմից կայացվող որոշումների ընդունման հստակ և միասնական ժամկետներ:
«Մասնավորապես, որպես որոշումների ընդունման միասնական ժամկետ սահմանվել է համապատասխան հիմքերն ի հայտ գալուց հետո եռօրյա ժամկետը: Հստակեցվել են որպես հայցի ապահովման միջոց հայցագնի չափով պարտապանի գույքի վրա արգելանք դնելու գործընթացում հարկադիր կատարողի լիազորությունները: Մասնավորապես, օրենքում նախատեսվել է առանձին հոդված, որը կարգավորում է պարտապանի գույքի վրա որպես հայցի ապահովման միջոց արգելանք դնելու առանձնահատկությունները:
Պարտապանի համար հնարավորություն է ստեղծվել միջնորդություն ներկայացնել հարկադիր կատարողին արգելանքն այլ գույքի վրա տարածելու, ինչպես նաև հայցագնի չափը գերազանցող գույքն արգելանքից հանելու մասին, որը կնպաստի ինչպես հարկադիր կատարման գործընթացի արդյունավետության և կանխատեսելիության բարձրացմանը, այնպես էլ կնվազեցնի կամ կվերացնի արգելանք կիրառելու արդյունքում պարտապանների տնտեսական կամ այլ վնասներ կրելու, կամ բնականոն գործունեությունը խաթարելու հնարավորությունը»,- ասաց Հարությունյանը:
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով էլ, մասնավորապես, սահմանվել է հարկադիր էլեկտրոնային աճուրդի մասին ծանուցումը հրապարակելու հստակ ժամկետ: Մասնավորապես, նախատեսվել է, որ ծանուցումը պետք է հրապարակվի հարկադիր էլեկտրոնային աճուրդ անցկացնելու մասին որոշման մասին պարտապանին և պահանջատիրոջը պատշաճ կարգով ծանուցելուց 3-օրյա ժամկետում: