Մյանմայից Բանգլադեշ փախած ռոհինջաների թիվը հասել է 429 հազարի. ՄԱԿ
Օգոստոսի վերջին Ռաքհայնի նահանգում ծավալված բռնություններից հետո Մյանմայից Բանգլադեշ փախած ռոհինջա ժողովրդի ներկայացուցիչների թիվը հասել է 429 հազարի եւ շարունակում է աճել: Այդ մասին Ժնեւում կայացած ճեպազրույցում հայտնել են ՄԱԿ-ի՝ փախստականների գործերի վարչության (ՓԳՎ) եւ Միգրացիայի Միջազգային կազմակերպության ներկայացուցիչներ Անդրեյ Մախեչիչը եւ Ջոել Միլմանը:
«Այն ժամանակ, երբ Մյանմայից փախած ռոհինջաների թիվը աստիճանաբար հասնում է կես միլիոնի, ՓԳՎ-ն ավելացնում է մարդկանց կյանքը փրկելու համար անհրաժեշտ օգնության տրամադրումը»,-նշել է Մախեչիչը: Բանգլադեշի կառավարության խնդրանքով, ՓԳՎ-ի ներկայացուցիչներն «արագացրել են պլաստիկե վահանների (կացարանների սարքավորման համար) բաժանումը՝ մուսոնային անձրեւներից ու քամիներից գոնե նվազագույն պաշտպանություն ապահովելու նպատակով»:
Պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ սեպտեմբերի 23-ին Բանգլադեշ կայցելի ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսար Ֆիլիպո Գրանդին: Այցի նպատակն է՝ գնահատել ճգնաժամի մասշտաբները, ինչպես նաեւ օգնություն ցուցաբերելու ուղղությամբ ՓԳՎ-ի աշխատանքը:
Իր հերթին Միլմանն ընդգծել է, որ վերջին երեքուկես շաբաթվա ընթացքում Մյանմայից Բանգլադեշ է ժամանել 429 հազար մարդ, իսկ ընդամենը Բանգլադեշի տարածքում այժմ գտնվում է ավելի քան 800 հազար ռոհինջա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը` AFP