Բաժիններ՝

Աշխարհում շուրջ 30 մլն երեխաներ հարկադրված են եղել լքել իրենց տները. ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ

Աշխարհում շուրջ 30 մլն երեխաներ չեն կարողանում իրենց տներ վերադառնալ հակամարտությունների, ճգնաժամերի ու տարերային աղետների պատճառով: Այդ մասին սեպտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Նյու Յորքի կենտրոնակայանում լրագրողներին հայտարարել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ, համաշխարհային կազմակերպության՝ կրթության հարցերով հատուկ դեսպանորդ Գորդոն Բրաունը:

Նա նշել է, որ այն անչափահասների մեծամասնությունը, որոնց վերաբերում է խոսքը, գտնվում է Սիրիայում, Իրաքում, Եմենում, Աֆղանստանում, Հարավային Սուդանում, Ուգանդայում, Սոմալիում եւ Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում: Ընդ որում, «30 մլն երեխաներից 10 միլիոնը հարկադրված են եղել լքել ոչ միայն իրենց տները, այլեւ հայրենի երկրները»:

Ըստ Բրաունի գնահատումների, ընդհանուր առմամբ աշխարհում «75 մլն երեխաներ ապրում են արտակարգ դրության պայմաններում եւ մարդասիրական օգնության կարիք ունեն»: Ինչպես արձանագրել է ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդը, նման իրավիճակում հայտնված անչափահասները գտնվում են առանձնակի վտանգի գոտում: Նրանք մեծ հավանականությամբ դառնում են շահագործման զոհեր, հայտնվում են ստրկության մեջ, նրանց հաճախ ստիպում են ամուսնանալ մեծահասակների հետ, զբաղվել ծանր աշխատանքով կամ մասնակցել մարտական գործողությունների:

Բրաունը նշել է «Կրթությունը չի կարող սպասել» հիմնադրամում հավելյալ միջոցներ ներգրավելու անհրաժեշտությունը, որն զբաղվում է հակամարտությունների կամ ճգնաժամերի պատճառով դժվարին կացության մեջ հայտնված երեխաների ուսուցման նախագծերով: ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդի խոսքով՝ հիմնադրամը ներկայում կուտակել է 150 մլն դոլար, սակայն այդ միջոցները բավարար չեն առաջադրված բոլոր նպատակներն իրագործելու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս