Նոր Մարաղայում նոր դպրոցական շենքի կառուցման անհրաժեշտություն կա
ԱՀ Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա գյուղի միջնակարգ դպրոցում ուսումնական գործընթացն իրականացվում է հերթափոխով:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է դպրոցի տնօրեն Լյուբա Գրիգորյանը՝ հավելելով, որ դպրոցի շենքը կառուցվել է 2005 թվականին, բայց քանի որ այն ժամանակ դպրոցականները քիչ էին, այն նախագծով փոքր տիպային շենք է:
«Քանի որ վերջին տարիներին գյուղում ծնունդների թիվը շատացել է, հետևաբար ավելացել է նաև աշակերտների քանակը, և առկա 11 դասասենյակները չեն բավականացնում դասապրոցեսը լիարժեք կազմակերպելու համար»,- ասել է Լ. Գրիգորյանը և ավելացրել, որ գյուղում մանկապարտեզի բացակայության պատճառով նախադպրոցական տարիքի 10 երեխայի պարապմունքները ևս անցկացվում են դպրոցում:
Տնօրենի տեղեկացմամբ՝ 84 աշակերտ ունեցող դպրոցը համալրված է համապատասխան մասնագետներով, իսկ քիմիայի լաբորատորիային սարքավորումներով աջակցել է Արցախի պետական համալսարանը: Վերջերս համալրվել է նաև համակարգչային սենյակը:
«Ռուսաստանաբնակ բարերարների միջոցով ձեռք ենք բերել 6 համակարգիչ: Եվս 2 համակարգիչ այս ամռանը նվիրել է երգչուհի Շուշան Պետրոսյանը»,- ասել է Լ. Գրիգորյանը:
Նա նշել է, որ դպրոցում կազմակերպվում են տարաբնույթ միջոցառումներ: Անցած տարի Նոր Մարաղայի միջնակարգ դպրոցի սաները «Մշակութային խաչմերուկ» մրցույթում բեմադրել էին «Վարազդատ» ներկայացումը, որը մեծ ընդունելության է արժանացել: