Բաժիններ՝

VOLTERMAN խելացի դրամապանակները կարտադրվեն «Ալյանս» ազատ տնտեսական գոտում

«Էռա Թեքնոլոջիս» ՍՊԸ-ն (VOLTERMAN ապրանքային նշան) նախատեսում է «Ալյանս» ազատ տնտեսական գոտում սկսել նորարարական տեխնոլոգիաներով «խելացի դրամապանակների» (Smart Wallet) արտադրություն։ Այդ նպատակով ընկերությունը հայց է ներկայացրել ազատ տնտեսական գոտում շահագործողի թույլտվություն ստանալու համար։ Հարցը կքննարկվի վաղը կառավարության նիստում։

Խելացի դրամապանակի գաղափարի հեղինակ, Volterman Inc. ընկերության հիմնադիր և տնօրեն, «Էռա Թեքնոլոջիսի» համահիմնադիր Ազատ Թովմասյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ շահագործողի թույլտվության ստացումից հետո ազատ տնտեսական գոտում գործարան կկառուցվի։

«Մենք նախատեսում ենք խոշոր ներդրում իրականացնել և արտադրությունը հիմնել Հայաստանում, և ոչ թե՝ արտերկրում»,- ասաց Ա.Թովմասյանը։

Կարդացեք նաև

Ըստ նրա՝ առաջին խմբաքանակը գնալու է նախավաճառքի ժամանակ գնված ապրանքի սպառմանը։ Դրա ծավալը շուրջ 1 մլն 80 հազար դոլար է։

Ըստ գործարար ծրագրի՝ նախատեսվում է, որ 2018թ.-ին արտահանման ծավալները կկազմեն մոտ 500 000 ԱՄՆ դոլար, իսկ 5-րդ տարում`  շուրջ 2 մլն ԱՄՆ դոլար: Արտահանման ուղղություններն են ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա, Սինգապուր և այլն։

Ծրագրի շրջանակներում իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ 2.3 մլն ԱՄՆ դոլար, առաջին տարում կստեղծվի 15 նոր աշխատատեղ` 150 հազար դրամ միջին աշխատավարձով, իսկ հետագայում, արտադրանքի ծավալների աճի արդյունքում՝ 50 նոր աշխատատեղ:

Ընկերությունն ունենալու է 1000քմ արտադրական տարածք «Ալյանս» ազատ տնտեսական գոտում:

Հավելենք, որ «Էռա Թեքնոլոջիսը» գրանցվել է այս տարվա հուլիսին։ Դրա հիմնադիրներից է նաև արտաքին գործերի փոխնախարար Ռոբերտ Հարությունյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս