«Հայաստան-Սփյուռք համահայկական համաժողովը միտված է նրան, որ աշխարհը տեսնի հայերի միասնությունը». Հրանուշ Հակոբյան

«Հայաստան-Սփյուռք համահայկական համաժողովը միտված է նրան, որ աշխարհը տեսնի հայերի միասնությունը»,- այսօր Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի փակման լիագումար նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։

«Այսպիսի խոշոր համաժողովում ամփոփում են եղածը և գաղափարներ են առաջարկում: Այստեղ գործնական քայլեր չեն արվում, քանի որ դրանք ժամանակի ընթացքում են լինում: Սա քաղաքական հնչեղության, ծանոթություններ հաստատելու մասին է: Մենք ուզում ենք երիտասարդությանը ցույց տալ հայոց պետության շուրջ հայկական Սփյուռքի համախմբումը»,- ասաց նախարարը։

Նրա կարծիքով՝ 6-րդ համաժողովն էապես գերազանցեց նախորդ համաժողովներին մի շարք հարցերում. «Ականատես եղանք թե՛ լիագումար, թե՛ թեմատիկ նիստերի, կլոր սեղանների անցկացմանը: Համահայկական խորհրդի քննարկման աշխատանքը շատ հետաքրքիր էր, և գործընթացը սկսված է: Երկրորդ գլխավոր հարցն այն էր, որ համաժողովի ընթացքում հնչեցին տարբեր արտահայտություններ, խոսքեր, թե ինչպես անենք, որ կարողանանք օգնել Հայաստանի տնտեսական զարգացմանը, ինչպիսի քայլեր ձեռնարկենք ցեղասպանությունների դատապարտման և վերացման ուղղությամբ աշխատանքներն առաջ տանելու համար, հայապահպանության խնդիրները բարձրաձայնվեցին: Կարևոր ուղղություն էր «Ազգ-բանակի» քննարկումները՝ ուղղված մեր ռազմատեխնիկական խնդիրներին, Արցախի պաշտպանությանը: Համաժողովում էական էր նաև մշակութային հատվածը»։

Տեսանյութեր

Լրահոս