«Սերժ Սարգսյանը վերջին փորձն է անում՝ ՄԱԿ-ի ամբիոնից գրգռելու Թուրքիային». Արա Պապյան
Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից դիմել է Թուրքիային՝ վերջնաժամկետ տալով՝ հայ-թուրքական արձանագրությունների վավերացնելու հետ կապված:
Այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ «Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Արա Պապյանն ասաց, որ սա նշանակում է, որ Ցյուրիխյան արձանագրությունների վավերացման հետ կապված Սերժ Սարգսյանը ևս հույսը կորցրել է, և «վերջին փորձն է անում ՄԱԿ-ի ամբիոնից գրգռելու Թուրքիային, որ նա վավերացնի»:
«Սրանք արձանագրություններ են, որոնց ես մշտապես դեմ եմ եղել, կարող եմ ասել, որ նման արձանագրություններ՝ լի բացասական հետևանքներով, մեր պատմության մեջ չի եղել: Սա ավելի վատ է, քան Կարսի պայմանագիրը, քան Ալեքսանդրապոլի պայմանագիրը, և այլն: Փառք Աստծո, Թուրքիան մաքսիմալիստական դիրքերի վրա է և չի գնում վավերացման, որովհետև հիշենք, որ իր 3 պայմաններից երկուսը մենք ընդունել ենք, 3-րդը՝ Արցախի հանձնումը, մենք չենք ընդունում: Իշխանությունն էլ չի կարող ընդունել, որովհետև սա իշխանության վերջ կնշանակի, հետևաբար՝ հուսանք, որ առաջիկա ամիսներին հանկարծ Թուրքիան վավերացման չի գնա, և այս բեռը մեր ուսերից կընկնի»,- նշեց Ա. Պապյանը: