«Ասում են, որ այդ հրավերը կորել է ճանապարհին». «Ելքի» պատգամավորը՝ Հայաստան-Սփյուռք համահայկական համաժողովին մասնակցելու՝ իրենց չհասած հրավերի մասին
«Մեզ հրավեր, որպես այդպիսին, չի եկել, չենք ստացել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իրենց հայտարարությունը կրկին վերահաստատեց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ խոսելով Հայաստան-Սփյուռք համահայկական համաժողովին իրենց խմբակցությանը չհրավիրելու մասին:
Նրա խոսքով՝ նախնական սկզբունքն այն էր, որ հրավիրվում էին Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարները, բայց իրենց հրավեր չեն ուղարկել: Նա ասաց, որ պետք է հրավիրվեին նաև հանձնաժողովի նախագահներ, Ազգային ժողովի նախագահը, Ազգային ժողովի նախագահի տեղակալները և ՀՀԿ-ի գործադիր մարմնի բոլոր անդամները.
«Փաստացի սա Հանրապետական-Սփյուռք համաժողով է, որին հրավիրված են որոշ պետական կառույցների ներկայացուցիչներ: Մեզ հրավեր, որպես այդպիսին, չի եկել, չենք ստացել: Երբ մենք սկսեցինք այդ մասին խոսել, զանգ եղավ, որ հրավերն ուղարկել ենք, չի հասել, բայց հիմա կարող ենք ձեզ հրավիրել, բայց կարծում եմ՝ դա շատ սխալ է: Ու ասում են, որ այդ հրավերը կորել է ճանապարհին:
Ամեն դեպքում, եթե այդ հրավերն ուղղված էր միայն խմբակցության ղեկավարին, շատ սխալ մոտեցում է, որովհետև խմբակցությունում 3 քաղաքական ուժ է ներկայացվել, և որպես ընդդիմադիր ուժ՝ պետք է տրվեր հնարավորություն տեսակետ հայտնելու: Այստեղ փաստացի փորձ է արվել զերծ պահել «Ելքի» տարբերվող մոտեցումը ներկայացնելուց, որովհետև միգուցե մեր ասածները շատ ավելի մեծ կշիռ կունենային սփյուռքահայերի համար»: