Բաժիններ՝

ԿԺԴՀ-ի հրթիռային արձակումները միլիարդների վնասներ են հասցրել ճապոնական հեռուստատեսությանը

ԿԺԴՀ-ի կողմից Ճապոնիայի տարածքների ուղղությամբ պարբերաբար անցկացվող հրթիռային արձակումները սպառնալիք են ոչ միայն Ճապոնիայի անվտանգությանը, այլեւ միլիարդների վնասներ են հասցնում ազգային հեռուստատեսային ալիքներին:

Այդ մասին հայտնել է Nikkan gendai շաբաթահանդեսը: Փորձարկումները առավել հաճախ համընկնում են առավոտյան ժամերին, երբ տեղական հեռուստաալիքների եթերով ցուցադրվում են ժողովրդականություն վայելող առավոտյան շոուները եւ հեռուստասերիալները: Ճապոնիայի հեռուստատեսության աշխատակիցներն ստիպված են լինում ընդհատել ժամանցային հաղորդումների հեռարձակումը եւ եթեր տալ նորությունների շտապ թողարկումներ:

ԿԺԴՀ-ի հրթիռային արձակումների դեպքում նման արտակարգ թողարկումները կարող են տեւել մինչեւ մի քանի ժամ՝ իրական ժամանակում հեռուստադիտողներին իրազեկելով Փենյանի սադրիչ գործողությունների հետ կապված ողջ հրատապ տեղեկատվության մասին:

Այսպիսով, ամեն անգամ, երբ ԿԺԴՀ-ն հերթական հրթիռային փորձարկումն է անցկացնում, ճապոնական ալիքների հեռուստահաղորդումների ողջ ցանցը խափանվում է՝ նրանց բերելով հսկայական վնասներ: Ֆինանսական կորուստները կապված են նաեւ գովազդի հետ. հեռուստաալիքների էթիկան թույլ չի տալիս շտապ թողարկումները չափազանց ակտիվորեն ընդմիջել գովազդային հոլովակներով՝ ուշադրության առնելով այն լրջությունը, որով Ճապոնիայում վերաբերվում են հյուսիսկորեական սպառնալիքին:

Բայց տեղական հեռուստաալիքների դժգոհության գլխավոր պատճառն այն Է, որ հյուսիսկորեական հրթիռային փորձարկումների ժամանակ հեռուստադիտողների մեծամասնությունը նախընտրում է ճապոնական ՏՎ-ի առաջին ալիքը՝ NHK նորությունների հանրային հեռուստաալիքը, որը Ճապոնիայում ամենաօպերատիվն ու պրոֆեսիոնալն է համարվում նորությունների պատրաստման տեսակետից: Հարկ է ընդգծել, որ NHK-ն նման մեծ հասարակական ուշադրությունից լրացուցիչ միջոցներ չի ստանում. ալիքում ամբողջովին բացակայում է գովազդը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս