Եղվարդի բժշկական կենտրոնում ծնունդները նվազել են. բաժանմունքը փակման եզրին է
Asparez.am-ը գրում է. Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում գտնվող Նաիրիի բժշկական կենտրոնում բնակիչների դիմելիությունը կտրուկ նվազել է: Բժշկական կենտրոնը սպասարկում է Եղվարդի, Նոր Հաճնի քաղաքային եւ 16 գյուղական համայնքների: Բժշկական կենտրոնի ծառայությունները տեղակայված են 1984 թվականին կառուցված գլխավոր, պոլիկլինիկական եւ մանկաբարձագինեկոլոգիական մասնաշենքերում: Բժշկական կենտրոնը շահագործման պահից չի հիմնանորոգվել, կատարվել են մասնակի նորոգումներ: 2014-2015 թվականներին ՀՀ կառավարության կողմից տրամադրված դրամաշնորհի միջոցներով նույն մասնաշենքում տեղադրվել են նոր պատուհաններ և ջեռուցման համակարգ: Թեեւ հիվանդանոցը որպես վճարովի ծառայություններ իրականացնող եւ շահույթ հետապնդող փակ բաժնետիրական ընկերություն է, սակայն իր եկամուտների հաշվին քայլեր չի ձեռնարկել վերանորոգման համար:
ՀՀ կառավարության 2006թ-ի նոյեմբերի 2-ի թիվ 1911 որոշմամբ նախատեսվել է միավորել Նաիրիի հիվանդանոցը եւ Նաիրիի պոլիկլինիկան ` ստեղծելով «Նաիրիի բժշկական կենտրոն» ՓԲԸ։ Հիվանդանոցն աշխատում է 40 մահճակալ ծանրաբեռնվածությամբ, կենտրոնի գործադիր տնօրենն ինձ հետ զրույցում չնշեց բուժհիմնարկի բյուջեի չափը:
«Նաիրիի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի մանկաբարձագինեկոլոգիական եւ վիրաբուժական բաժանմունքներն աշխատում են թերբեռնված: Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ այս բժշկական կենտրոնում վիրահատությունների թիվը 2013-2016 թվականներին հասել է ընդամենը 150-280-ի, իսկ ծննդաբերությունների թիվը, նույն ժամանակահատվածում, չի գերազանցել նույնիսկ 200-ը: Մեկ տարվա կտրվածքով՝ Նաիրիի բժշկական կենտրոնում ծնունդների թիվը կազմում է մոտ 180, այսինքն` 2 օրում ծնվում է մեկ երեխա:
Մասնավորապես, Կոտայքի մարզպետարանի ամենամսյա պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ օգոստոս ամսվա ընթացքում մարզի ծննդատներում գրանցվել է 191 ծնունդ, որից 85-ը` Հրազդանի, 82-ը` Աբովյանի, 16-ը` Չարենցավանի եւ միայն 8-ը` Նաիրիի ծննդատանը: Տարեցտարի Նաիրիի ծնունդների թիվը նվազում է: Նույն աղբյուրի տեղակացմամբ՝ 2016-ի օգոստոսին այստեղ 2017-ի համեմատ 12-ով քիչ ծնունդ է գրանցվել, ծնվել է 20 երեխա, իսկ 2015-ի նույն ժամանակահատվածում գրանցվել է 17 ծնունդ:
Կայքի այն հարցին, թե ինչն է պատճառը, որ տարեցտարի ծնունդների թիվը նվազում է, «Նաիրիի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Արմեն Նազարյանը հստակ պատասխան չտվեց.
«Մենք լավ բժիշկների ներուժ ունենք եւ բավականին շատ հղիների ենք սպասարկում: Ընենց չի, որ խուսափում են, կամ` բան…Հիմա ես էլ կուզենամ գնալ էն վերջին լավ տեղում պառկեմ, հիմա հնարավորություն չունենք վերջին ձեւով պայմաններ ստեղծելու: Մեր խնդիրն այն է, որ մենք մի շենքում ենք նստած, որը մերը չի: Խնդիրները շուտվանից է գալի, այն 15 տարվա պատմություն ունի»,-ասաց Ա. Նազարյանը:
Նարեկ Կիրակոսյան
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։