«Ես 4 հատ բիզնես եմ դրել Հայաստանում, 4-ն էլ թալանեցին». ամերիկահայ նախկին գործարար
Այսօր Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի ժամանակ ԱՄՆ-ում բնակվող հասարակական գործիչ, գործարար Զարեհ Պալյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ինքը Հայաստանում ինչ բիզնես դրել է՝ թալանել են: Ըստ գործարարի՝ «Սփյուռքը զրո վստահություն ունի Հայաստանի իշխանությունների նկատմամբ».
«Սփյուռքը գիտի, որ թալանում են, անարդարություն կա, գիտի, որ դատարան չկա, եթե վեճի մեջ եմ ես: Ես 4 հատ բիզնես եմ դրել Հայաստանում, ճիշտ է, շատ մեծ բիզնեսներ չէին, մինչև 30 հազար դոլարի, 4-ն էլ թալանեցին ու տարան. ո՞ւր է դատարանը, որ արդարություն վերականգնեն: Չկա այդ բանը: Հինգերորդն էլ անցյալ տարի դրեցի՝ շատ փոքր բիզնես, նախագիծը, եթե մի 5000 դոլար լինի՝ աշխատելու է, դրեցի՝ էլի չկա»:
Նա նշեց, որ հոգեբարոյական արժեքների անկումը մեզ տանում է դեպի գահավիժում, անկում, ինչը, ըստ նրա՝ Հայաստանի հիմնական խնդիրն է:
Զարեհ Պալյանը պատմեց, որ Հայաստանում 200 հատ մեղվի փեթակ է դրել ու փորձել է հայերին, թե որքան են թալանում. «Էդ 200-ից 3 փեթակի տակ կշեռք էի դրել: Ամեն մեկը 40 կիլո քամեցինք, որովհետև վախեցել էր մեղվապահը, մնացած բոլորը՝ 10-15 կիլո: Հենց այդ 3 փեթակները, կշեռքով այսպես կախված էին մոմաթերթերը, սա ի՞նչ է նշանակում, նա հպարտանում է, որ կարողանում է գողանալ, խաբել ինձ»:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ այսինքն, Հայաստանում բիզնեսը չի զարգանա, որովհետև գողանում, «քցո՞ւմ» են, դա՞ է իր պատկերացումը: Ի պատասխան՝ Պալյանն ասաց, որ Հայաստանում բիզնեսը չի զարգանա, և ամեն ինչի պատճառը առաջինը հոգեբարոյական, ազնվական արժեքների պակասն է, բացասական հատկանիշների ավելցուկը:
Զարեհ Պալյանն ասաց, որ ակադեմիկոսների, դոկտոր-պրոֆեսորների հետ զրույցի ժամանակ լսել է, թե ինչպես են Հայաստանի համար ասել, որ այստեղ անհնար է գտնել մեկին, որը ուտող, թալանող, կաշառակեր չլինի.
«Ես էլ ասեցի, լավ, մի խոսք ասեմ՝ իմ շրջապատում՝ ԱՄՆ-ում, անհնար է գտնել մեկին մեր շրջապատից, որ իր գրպանից ազգի համար տված չլինի: Էնքան կան մաքուր մարդիկ, տոկոսով պարտք են վերցրել, տվել են: Իսկ այստեղ չեն կարողանում գտնել մեկին, որ թալանչի չլինի»:
Հարցին՝ այդ դեպքում դուք ինչո՞ւ եք այստեղ՝ նա պատասխանեց, որ եկել է Կարեն Կարապետյանին ներկայացնելու իր նոր ծրագիրը, ըստ որի՝ առաջարկում է դպրոցներում պարտադիր դասավանդել «77 հոգեբարոյական ազնվական արժեքներ» առարկան. «Շախմատը պարտադիր է, հպարտ եմ, որ շախմատիստներ այդքան եղան, բայց շախմատն ո՜ւր, այս անարդարությունները, կաշառակերությունը՝ ուր: Այդ առարկան դպրոցներում դասավանդելով՝ երեխաները կհասկանան, թե ստախոսը ոնց է պատժվում, էլ չեն մեծանա այդպիսին, չեն դառնա կաշառակեր ու թալանչի»: