Սիրիական բանակն սկսել է զինյալներից մաքրել Դեյր Զորի հյուսիսային արվարձանները
Սիրիական բանակի առաջապահ ջոկատները եւ դաշնակից ուժերը սեպտեմբերի 18-ի առավոտյան Դեյր Զորի արեւելքում անցել են Եփրատ գետը եւ սկսել զինյալներից քաղաքի հյուսիսային արվարձանների մաքրումը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիի թղթակիցը հայտնել է իրադարձությունների վայրից:
Ինժեներային ստորաբաժանումները կազմակերպել են պոնտոնային գետանցումը, որով, երեք կիլոմետրի չափով անվտանգության կոնտուրի ստեղծումից հետո, գրոհային ջոկատները տեխնիկայի հետ միասին փոխադրվել են Դեյր Զորի հյուսիսային արավարձան:
Գրոհային ջոկատները մի քանի ժամվա ընթացքում կարողացել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներին դուրս մղել մի շարք գյուղերից եւ շարունակում են առաջ շարժվել դեպի ռազմաճակատի խորքը՝ զինյալներին ստիպելով փախչել հյուսիս եւ Մեյադին քաղաքի կողմը: Ահաբեկիչները շարունակում են կատաղի դիմադրություն ցույց տալ՝ փորձելով արգելափակել կառավարական ուժերի առաջխաղացումը: