Disney-ը հայտարարել է «Աստղային պատերազմների» 9-րդ էպիզոդի պրեմիերայի նոր ամսաթիվը
«Աստղային պատերազմներ» կինոսագայի իններորդ էպիզոդի պրեմիերան ԱՄՆ-ում կկայանա 2019 թվականի դեկտեմբերի 20-ին: Այդ մասին ասված է այն հաղորդագրության մեջ, որը սեպտեմբերի 12-ին տարածել է Disney ընկերությունը, որը ֆիլմերի այս խարքիի իրավունքների սեփականատերն է։
Այսպիսով, Disney-ը կինոնկարի էկրան բարձրանալը հետաձգել է ավելի քան կես տարով: Ավելի վաղ տարածված տեղեկատվության համաձայն, կինոցիկլի՝ դեռեւս անվանում չստացած իններորդ մասը պետք է թողարկվեր 2019 թվականի մայիսին: Ինչպես նշում է«Հոլիվուդ ռեփորթեր» հանդեսը, հետաձգումը կարող է կապված լինել ֆիլմի ռեժիսորի փոխվելու հետ: Սեպտեմբերի 12-ին ավելի վաղ Disney-ը հայտնել է, որ իններորդ մասի բեմադրողը կդառնա ամերիկացի ռեժիսոր Ջեյ Ջեյ Աբրամսը, որը մինչ այդ արդեն նկարահանել էր «Աստղային պատերազմներ. ուժի զարթոնքը» յոթերորդ՝ էպիզոդը (2015 թ.):
Անցած շաբաթ հայտնի դարձավ նախագծից ռեժիսոր եւ սցենարիստ Քոլին Թրեւորոուի հեռանալու մասին, որը պետք է նկարահաներ իններորդ էպիզոդը: «Հոլիվուդ ռեփորթեր»-ի տեղեկատվությամբ՝ Թրեւորոուի եւ Disney-ի միջեւ պարտավորագրի լուծարման պատճառ են դարձել սցենարի հարցում եղած տարաձայնությունները: Ռեժիսոր Ջորջ Լուկասի «Աստղային պատերազմներ» էպիկական սագան դարձել է համաշխարհային կինեմատոգրաֆի առավել մեծ ժողովրդականություն վայելող երեւույթներից մեկը եւ իր շուրջը միլիոնավոր երկրպագուների հավաքել ամբողջ աշխարհում: Առաջին ֆիլմը, որն էկրան է բարձրացել 1977 թվականին, 11 մլն բյուջեի դեպքում համաշխարհային վարձույթում հավաքել է 775,4 մլն դոլար՝ ապահովելով իր կուլտային կարգավիճակը:
Լուկասի օրիգինալ եռերգությունն ավարտվել է 1983 թվականին, եւ միայն 1990-ական թվականների վերջին նա որոշեց վերագործարկել ֆրանշիզան՝ նկարահանելով երեք պրիկվելներ՝ այն իրադարձությունների մասին, որոնք նախորդել էին առաջին երեք էպիզոդների գործողությանը:
2012 թվականին Լուկասի Lucasfilm ընկերությունը ձեռք բերեց համաշխարհային խոշորագույն կինոստուդիաներից մեկը՝ Disney-ը, որն ապահովեց սագայի հերթական վերագործարկումը: Այսպես, 2015 թվականին էկրան բարձրացավ «Աստղային պատերազմներ. ուժի զարթոնքը» ֆիլմը, որին հաջողվեց ավելի քան 2 մլրդ դոլար հավաքել ամբողջ աշխարհում: Կինոցիկլի ութերորդ էպիզոդի պրեմիերան կկայանա այս տարվա դեկտեմբերին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: