![](/banners/BeFunky-design.jpg)
«Գահերի խաղի» ստեղծողները սերիալի եզրափակիչ մասի մի քանի տարբերակ են նկարահանելու
![](https://168.am/wp-content/uploads/2017/09/905320.jpg)
Մեծ ժողովրդականություն վայելող «Գահերի խաղը» սերիալի ստեղծողները կնկարահանեն ութերորդ եզրափակիչ տարեշրջանի ավարտական մասի մի քանի տարբերակ, որպեսզի խուսափեն նախքան պրեմիերան սյուժեի արտահոսքերից: Այդ մասին հայտնել է HBO ամերիկյան ալիքի ծրագրերի տնօրեն Քեյսի Բլոյսը:
«Ես գիտեմ, որ «Գահերի խաղի» ավարտական մասի համար պատրաստվում են նկարահանել մի քանի տարբերակ, որպեսզի ոչ ոք չկարողանա իմանալ, թե ինչ տեղի կունենա: Նման բան հարկ է լինում անել երկար ձգվող շոուի դեպքում, որովհետեւ երբ դու ինչ-որ բան ես նկարահանում, մարդիկ իմանում են: Այնպես որ նրանք պատրաստվում են նկարահանել մի քանի տարբերակ, որպեսզի ստույգ պատասխան չլինի մինչեւ վերջին պահը»,- Բլոյսի խոսքը մեջբերում է Independent-ը:
«Գահերի խաղի» յոթերորդ եթերաշրջանի եզրափակիչ էպիզոդը, որը թողարկվել է օգոստոսի վերջին, հավաքել է սերիալի համար ռեկորդային 16,5 մլն դիտում: Հեռուստասերիալի հաջորդ եւ վերջին ութերորդ եթերաշրջանի թողարկումն սպասվում է 2018 թվականի վերջին կամ 2019 թվականի սկզբին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: