Կարեն Կարպետյանի ասած գազի արտոնյալ գինը ԵԱՏՄ-ում ամենաթանկն է. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը, Ազգային ժողովի այս նստաշրջանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով այն խնդրին, որ ԵՏՄ երկրների շարքում Հայաստանում գազի սակագներն ամենաբարձրն են՝ հայտարարել էր, թե դա պետք է համեմատության մեջ դիտարկել:
«Համեմատությունը պետք է բերել չափման միավորով, որովհետև տրանզիտի գինն ու հեռավորությունը տարբեր են, բայց մենք այսօր բոլոր մատակարարներից, որոնց հետ աշխատում ենք, ունենք արտոնյալ գին»,- հայտարարել էր նա:
Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ մեր երկիրը ներքին սպառման համար գազ ստանում է Ռուսաստանից: ՌԴ-ն հայ-վրացական սահմանին 1000 խմ գազի գինը սահմանել է 150 դոլար, մինչդեռ այն ՀՀ սպառողներիս վաճառվում է կրկնակի թանկ գնով՝ մոտ 300 դոլարով: Իսկ այս դեպքում, անցյալի նման մենք չենք կարող միայն ՀՀ իշխանություններին ու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին մեղադրել, թեև այս դեպքում նրանք երբևէ համարձակություն չունեցան իրենց տղամարդու խոսքն ասելու: Այս դեպքում բաժանորդներիս վրա գազը վաճառում է նույն ՌԴ-ն կամ ՌԴ պետական «Գազպրոմ» ընկերությունը, որ գազը հասցնում է հայ-վրացական սահմանին: Մեր երկրում գազաբաշխման միակ օպերատոր «Գազպրոմ- Արմենիան» արդեն մի քանի տարի է, ինչ ամբողջությամբ ռուսական «Գազպրոմ»-ի սեփականությունն է: Այսինքն՝ այս դեպքում ասել, թե ՌԴ-ն մեզ գազը վաճառում է 150 դոլարով, վաղուց արդիական չէ: Եվ սահմանին գազի գին հասկացողությունն արդեն կեղծ ձևակերպում է: Այս դեպքում ամբողջ ճշմարտությունն այն է, որ հենց ՌԴ-ն է Հայաստանին գազը վաճառում 300 դոլարով: Եվ Կ. Կարապետյանի հայտարարությունը, թե էներգակիրների գինը Հայաստանում, տարածաշրջանի համեմատ, արտոնյալ է, բոլորովին էլ իրականությանը չի համապատասխանում:
Արտոնյալ կլիներ այն դեպքում, եթե այդ 150 դոլարը մեզ հասնելիս ոչ թե 300, այլ 200-230 դոլար դառնար: Իսկ եթե տարիներ շարունակ, նույն Կ. Կարապետյանի գլխավորությամբ, գազը կրկնակի թանկ են վաճառել մեր բաժանորդներին, գերշահույթ ստացել ու այն գրպանել, ապա արտոնյալ տերմինը տվյալ դեպքում ոչ թե ամբողջ Հայաստանին, այլ ընդամենը մի խումբ պաշտոնյաներին է վերաբերել: Եվ ՀՀ պաշտոնյաները՝ նախագահների, էներգետիկայի նախարարների ու սակագնային հանձնաժողովի երկարամյա նախագահ Ռ. Նազարյանի գլխավորությամբ, համարձակություն չեն ունեցել ՌԴ-ի սահմանած ներքին գինը փոխել: Պարզապես «Գազպրոմ»-ի հետ պայմանավորվածություն են ունեցել, որ ամեն անգամ սակագնի փոփոխության դեպքում ցանկալի գնից մի փոքր ավելի բարձր գնով կներկայացնեն հայտը, իսկ հանձնաժողովը «հերոսաբար» պայքարելով՝ այն 10-20 դոլարով կիջեցնի»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։