Լեդի Գագան Բրազիլիայի փառատոնում իր ելույթը չեղարկել է ուժեղ ցավերի պատճառով
Ամերիկացի երգչուհի Լեդի Գագան Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է, թե չի կարողանա ելույթ ունենալ Ռիո դե Ժանեյրի Rock in Rio երաժշտական փառատոնում, քանի որ հոսպիտալացվել է սաստիկ ցավերի պատճառով։ «Բրազիլիա՛, ես խիստ վշտացած եմ այն պատճառով, որ ինձ բավականաչափ լավ չեմ զգում, որպեսզի ժամանեմ Rock in Rio –ին (փառատոնին):
Ես ամեն ինչի պատրաստ եմ ձեզ համար, բայց այժմ ես պետք է հոգ տանեմ իմ առողջության մասին… Ես ներողություն եւ ըմբռնում եմ եմ հայցում ձեզանից. խոստանում եմ, որ շուտով կգամ եւ ելույթ կունենամ ձեզ համար»,-գրել է երգչուհին: Նրա խոսքով՝ իրեն հիվանդանոց են տեղափոխել ազդրի շրջանում ցավերի պատճառով: «Դա պարզապես ցավ չէ ազդրի շրջանում կամ հոգնածություն՝ աշխատանքի պատճառով, դա շատ ուժեղ ցավ է»,-հայտարարել է Լեդի Գագան:
Ավելի վաղ երգչուհին հայտնել է, որ ինքը հիվանդ է խրոնիկական ֆիբրոմիալգիայով: Այս հիվանդությունն ունեցող մարդիկ, որպես կանոն, տառապում են ամբողջ մարմնում խրոնիկական սիմետրիկ ցավից: Հիվանդությունը մինչեւ վերջ ուսումնասիրված չէ, ինչը դժվարացնում է դրա բուժումը:
Լեդի Գագան այն մասին, որ խրոնիկական ցավեր է ունենում, խոսում էր դեռ 2013 թվականին, բայց միայն հիմա է բացահայտել այդ ցավի պատճառները: Ֆիբրոմիալգիայով տառապող մարդկանց մոտ բազմաթիվ ախտանիշներ են լինում. նրանք հաճախ տառապում են վատ քնից, մկանների քարացածությունից, գերհոգնածության սինդրոմից, հիշողության կորստից, ինչպես նաեւ ուշադրության կենտրոնացման խանգարումներից: Ֆիբրոմիալգիայից տառապում է բնակչության մոտավորապես 4 տոկոսը: Այս ախտորոշմամբ մարդկանց շրջանում յոթ անգամ ավելի շատ են կանայք, քան տղամարդիկ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: