
NASA-ում վստահ են, որ դեպի Մարս գիտարշավը կարող է կայանալ առաջիկա 20 տարում

Մարդու թռիչքը դեպի Մարս կարող է կայանալ առաջիկա 20 տարում: Այս վստահությունը հայտնել է ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչության (NASA) տնօրենի օգնական Թոմաս Զուրբուքենը, որը գիտական առաքելության պատասխանատուն է։
Blick թերթում հրապարակված հարցազրույցում Զուրբուքենը, որը ծնունդով Շվեյցարիայից է եւ Բեռնի համալսարանի շրջանավարտ, հայտարարել է. «Միանգամայն հնարավոր է, որ առաջիկա 20 տարվա ընթացքում մենք կարողանանք մարդիկ ուղարկել Մարս»: Հավանաբար, դա տեղի կունենա 2030-ական թվականներին, հավելել Է նա՝ պարզաբանելով, որ ժամկետները կախված են NASA-ի եւ նրա գործընկերների բյուջեից:
Դրա հետ մեկտեղ, որպեսզի գիտարշավը կայանա, պահանջվում է լուծել տեխնիկական բնույթի մի շարք խնդիրներ: «Մենք տակավին չափազանց դանդաղ ենք աշխատում,- ասել է Զուրբուքենը:- Մենք պետք է մշակենք շատ ավելի արագընթաց հրթիռներ: Երկրորդ, կենսագործունեության ապահովման համակարգերը պետք է լինեն ավելի արդյունավետ, քան ներկայիս տիեզերակայանում: Դրանք պետք է լինեն ավելի հուսալի, քանի որ մենք չենք կարող դրանք արագորեն նորոգման ուղարկել: Մենք լիակատար կտրվածության մեջ կլինենք մի քանի տարի», հաղորդել է ՏԱՍՍ-ը: