«Գյումրու և բոլոր մնացած համայնքների նկատմամբ մեր վերաբերմունքը լինելու է չափազանց ուշադիր». Կարեն Կարապետյան
«Տնտեսական բաղադրիչը չափազանց կարևորել ենք մարզպետների հաշվետվության մեջ։ Հայտարարել ենք, որ գնահատման համար շատ կարևոր են աշխատատեղերի ստեղծումն ու ներդրումները։ Գյումրու և բոլոր մնացած համայնքների նկատմամբ մեր վերաբերմունքը լինելու է չափազանց ուշադիր»,- այսօր ԱԺ-ում այս մասին հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը։
Վարչապետը չի կարծում, թե հարկային արտոնություններն են խանգարում Գյումրիի զարգացմանը. «Մանավանդ, որ այսօր մենք ունենք որոշակի գործիքակազմ ներդրումների և ԱԱՀ մաքսատուրքի հետաձգում և զիջում է նախատեսվում։ Հայաստանի զարգացման հիմնադրամն ունենալու է դուստր ծառայություն, որը զբաղվելու է Գյումրու զարգացման ծրագրով»։
Կարեն Կարապետյանը նշեց, որ Գյումրու ներուժը զբոսաշրջության մեջ չի օգտագործվում, բայց ըստ նրա՝ կլինի համալիր ծրագիր, որը «Կումայրի» կենտրոնն աշխուժացնելու է. «Դրան գումարած՝ Գյումրու օդանավակայանն աշխուժացրել ենք, և այսօր երկու ավիաընկերություն է աշխատում այնտեղ։ Հոկտեմբերից թռիչքների քանակն ավելանալու է։ Բացի դրանից՝ մենք հստակ խնդիր ենք դրել, որպեսզի թռիչքների աշխարհագրությունը Գյումրիից փոխվի»։