«Տանկի «խոդ ընկնելուց» մինչև լրակազմի առկայությունը՝ բանակի մարտունակությունն է. մեր բանակը մարտունակ է». Վիգեն Սարգսյան
«Վերջին տարիներին ԱԺ Նիստերի դահլիճում լուռ համաձայնություն կար, որ պաշտպանության ոլորտի խնդիրները մանրամասն պետք չէ քննարկել, բայց ապրիլյան պատերազմի փորձը ցույց տվեց, որ դա սխալ մոտեցում է»,- այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
Ապա դիմելով վարչապետ Կարեն Կարապետյանին՝ Փաշինյանը հետևյալն ասաց. «Ձեզնից նախորդ տարի իմացանք, որ ապրիլյան պատերազմի ընթացքում եղել են դեպքեր, երբ մեր տանկերը «խոդի չեն ընկել»։ Արդյո՞ք դուք և կառավարությունը երաշխավորում եք, որ մեր տանկերը գտնվում են, այսպես ասած՝ «նա խադու» վիճակում, արդյո՞ք երաշխավորում եք, որ ՀՀ զինուժն ապահովված է բոլոր տիպի անհրաժեշտ զենք-զինամթերքով։ Եվ արդյո՞ք երաշխավորում եք, որ ՀՀ-ն հենց այսօր ի վիճակի է 6 ամիս կատարյալ շրջափակման պայմաններում մարտական գործողություններ վարել»։
Փաշինյանի հարցին պատասխանեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ Նա ընդգծեց՝ կարող ենք հստակ ֆիքսել, որ ՀՀ ԶՈւ-ն այսօր գտնվում է մարտունակ վիճակում, ի վիճակի կատարելու իր առջև դրված մարտական խնդիրը. «Հատուկ ուշադրության տակ է պահվում վառելիքաքսուքային նյութերի որակը և սպառազինության հագեցվածությունը՝ ըստ լրակազմերի»։
Նախարարը նշեց, որ ՀՀ ռազմաարդյունաբերական համալիրն այսօր գտնվում է վերելքի վրա. «Եթե կիսամյակով պլանավորված միջոցները չեն իրացվել, դա միայն մեկ պատճառ կարող է ունենալ, որ լրացուցիչ խստացված պահանջներ են դրված՝ ներկայացվող ծրագրերի հաստատման, ֆինանսավորման առումով։ Ի տարբերություն գոյություն ունեցող երկար տարիների պրակտիկայի՝ մենք կանխավճարային սկզբունքով մեր հետազոտական հիմնարկների հետ այլևս չենք աշխատում»։
Նախարարը նշեց, որ Փաշինյանի հարցի մի մասը պարունակում է ռազմական գաղտնիք. «Չեմ կարող պատասխանել, թե շրջափակման դեպքում պաշարները բավարար կլինե՞ն, թե՞ ոչ, բայց, իհարկե, հաշվի առնելով ձեր պատգամավորական կարգավիճակը՝ առանձին կպատասխանեմ այդ հարցին»։
Փաշինյանն ասաց, որ իր մտավախությունն այն է, որ հանկարծ չպարզվի՝ ոչ թե ռազմաարդյունաբերական համալիր են ստեղծում, այլ՝ դրա մասին հարցազրույց տվողների գրասենյակ. «Հաջորդը՝ խոսքը մարտունակության մասին չէր, որովհետև ոչ ոք չի ասում, որ 2016թ. մեր բանակը մարտունակ չէր։ Խոսքը նրա մասին էր, որ վարչապետի մակարդակով հնչել է հայտարարություն՝ «խոդ չընկնող» տանկերի վերաբերյալ։ Մենք ուզում էինք իմանալ, թե այդ իրավիճակում ինչ է փոխվել։ Մենք 20 տարի Ադրբեջանին ձեռք առանք՝ ասելով, թե նավթ են ծախում, բայց այսօր կանգնած ենք մի իրավիճակի վրա, որ Ադրբեջանը ժամանակակից ԱԹՍ-ներ է արտադրում, իսկ մենք, վստահ չեմ, որ նույնիսկ բավարար չափով փամփուշտներ արտադրում ենք»։
Վիգեն Սարգսյանն այսպես պատասխանեց. «Այն, ինչ դուք նկարագրում եք բարդ խոսքերով, կոչվում է մարտունակություն։ Տանկի «խոդ ընկնելուց» մինչև լրակազմի առկայությունը՝ բանակի մարտունակությունն է։ Եվ երբ ձեզ ասում եմ, որ մեր բանակը մարտունակ է, այդ բոլոր հարցերի ներառված պատասխանն է։ Մեր ռազմաարդյունաբերության վերաբերյալ առանձնազրույցի եմ հրավիրում և խոստանում եմ, որ հաճելիորեն կզարմանաք։ ԱԹՍ-ներ մենք էլ ունենք, մենք ոչ թե այլ ընկերությունների թռչող սարքերն ենք հավաքում, այլ մերն ունենք»։