Իրաքի խորհրդարանը քվեարկեց Քրդստանի հանրաքվեի դեմ. Sky News Arabia
Իրաքի խորհրդարանը դեմ է քվեարկել անկախության հանրաքվեին, որն ինքնավար Իրաքյան Քրդստանի իշխանությունները պլանավորում են անցկացնել սեպտեմբերի վերջին: Այդ մասին հայտնել է Sky News Arabia հեռուստաալիքը:
Խորհրդարանի խոսնակ Սալիմ ալ Ջաբուրին հայտարարել է, որ քվեարկության արդյունքները հաստատում են Իրաքը միասնական պահելու պատգամավորների ձգտումը: Նրա խոսքով՝ խորհրդարանի այս որոշումը «վարչապետին պարտավորեցնում է բոլոր միջոցները ձեռնարկել Իրաքի տարածքային ամբողջականությունը պահպանելու եւ Բաղդադի ու այս տարածաշրջանի փոխհարաբերությունների հարցերը կարգավորելու նպատակով լուրջ երկխոսություն սկսելու համար»:
Նաեւ հաղորդվում է, որ իրաքյան խորհրդարանի քուրդ պատգամավորները լքել են նիստը, որտեղ քննարկվում էր հանրաքվեն, եւ չեն մասնակցել քվեարկությանը: Ավելի վաղ Իրաքյան Քրդստանի հանրաքվեի եւ ընտրությունների բարձրագույն անկախ հանձնաժողովը ներկայացրել է այն քվեաթերթիկի նմուշը, որն օգտագործվելու է Իրաքից անկախության շուրջ հանրաքվեի ժամանակ: «Դուք ցանկանում եք, որ Իրաքյան Քրդստանը եւ Իրաքյան Քրդստանից դուրս գտնվող քրդական տարածքները դառնան անկախ պետություն». չորս լեզուներով (քրդերեն, արաբերեն, թուրքմեներեն եւ ասորերեն) թարգմանված այս հարցին պետք է դրական կամ բացասական պատասխան տան քվեարկողները:
Ինքնավար Իրաքյան Քրդստանի իշխանությունները Իրաքից անջատվելու շուրջ հանրաքվեն նշանակել են սեպտեմբերի 25-ին: Քրդական իշխանությունների այդ քայլը քննադատել են Բաղդադը, ինչպես նաեւ Թեհրանը եւ Վաշինգտոնը: Հաղորդվել է, որ Թուրքիան եւ Իրանը ընդհանուր դիրքորոշում են հայտնել այն մասին, որ Իրաքյան Քրդստանում հանրաքվեի անցկացումը կարող է լարվածության աճ հրահրել, եւ կոչ են արել հրաժարվել այդ նախաձեռնությունից:
Ինքնավար տարածաշրջանի ղեկավար Մասուդ Բարզանին արդեն հայտարարել է, որ քրդերը մտադիր չեն հետաձգել սեպտեմբերի 25-ին նշանակված անկախության հանրաքվեն, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: