Բաժիններ՝

«Արբեջանցի ահաբեկիչների թեման վաղուց փակված է». Դավիթ Բաբայան

Կարծում եմ՝ սա ադրբեջանական հերթական սադրանքն է, հերթական տեղեկատվական ահաբեկչությունը:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է Արցախի Հանրապետության նախագահի մամլո քարտուղար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Արցախում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին ազատելու մասին Վարշավայում մեկնարկած ԵԱՀԿ խորհրդաժողովում ներկայացված ադրբեջանական պահանջներին:

«Անհնար է ազատ արձակել դատապարտվածների, ովքեր մարդ են սպանել, ապօրինի կերպով սահման հատել, իրականացրել ահաբեկչական գործողություններ: Ինչպե՞ս կարելի է խոսել նման խնդրի մասին. դա նույնը կլինի, ինչպես, օրինակ, իսլամական գրոհայինների պարագլուխների ազատման մասին հարց բարձրացնելը: Եվ ցավալի է, երբ չի արգելվում կարևոր ատյաններում նման հարցերի քննարկումը, քանի որ դրանք առաջին հերթին ազդում են հենց այդ ատյանների հեղինակությանը»,-մանրամասնել է Դ. Բաբայանը և հավելել, որ Արցախի համար արբեջանցի ահաբեկիչների թեման վաղուց արդեն փակված է:

Արցախի նախագահի մամլո քարտուղարի խոսքով՝ ադրբեջանցի 2 ահաբեկիչների դատավարությունը տեղի է ունեցել Արցախի Հանրապետությունում՝ բաց և թափանցիկ, միջազգային դիտորդների, իրավապաշտպանների, լրատվամիջոցների մասնակցությամբ. դատարանում ապացուցվել է նրանց մեղսունակությունը:

«Չի բացառվում, որ Ադրբեջանը նրանց արդարացնելու համար դիմի նաև այլ քայլերի. դա ևս ալիևյան ռեժիմի կողմից սեփական ժողովրդի ուշադրությունը բուն խնդիրներից շեղելու մի ձև է: Մենք պատրաստ ենք հակահարված տալու նրանց կողմից կազմակերպվող նմանատիպ սադրանքների: Իսկ եվրոպական կառույցները նման խնդրին պետք է շատ լուրջ մոտենան»,-ասել է Դ. Բաբայանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս