«Դեռևս ոչ ոք Հայաստանին չի դիմել քաղաքական ապաստան ստանալու համար». Վաչե Տերտերյան
Այսօր Ազգային ժողովի հերթական նիստին քննարկվում է «Քաղաքական ապաստանի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ օրենքի նախագիծը ներկայացվում է՝ ելնելով անհրաժեշտությունից, Սահմանադրությունում կատարված փոփոխություններից:
Նա ասաց, որ, ըստ փոփոխության՝ քաղաքական ապաստան տալու լիազորությունը ՀՀ նախագահից կտեղափոխվի լիազոր մարմնին, կառավարությունը կֆիքսի ՀՀ լիազոր մարմին, որը կզբաղվի այդ խնդիրներով:
Նրա խոսքով՝ դիմումները քննարկելու ժամկետը 10-օրյայից դարձնում են 30-օրյա: Ըստ նրա՝ դա արվում է, որպեսզի ավելի լավ քննարկեն այդ դիմումները: Փոխնախարարն ասաց նաև, որ բողոքարկման կարգը տեղափոխվել է դատական տիրույթ, այն պարագայում, որ ներկա դրությամբ պետք է բողոքարկման դիմումով դիմեին ՀՀ նախագահին:
«Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց, թե Հայաստանից քանի՞ մարդ է ԵՄ դիմում՝ քաղաքական ապաստան ստանալու համար, և այլ երկրներից քանի՞ հոգի են Հայաստան դիմել նույն նպատակով:
Ի պատասխան՝ Վ. Տերտերյանն ասաց, որ ճգրիտ տեղեկություն չունի, թե քանի հոգի են դիմել Հայաստանից ԵՄ՝ քաղաքական ապաստան ստանալու համար, բայց մենք Հայաստանում նման գործընթաց չենք ունեցել, դեռևս ոչ ոք Հայաստանին չի դիմել քաղաքական ապաստան ստանալու համար: