Բեյրութում կանգնեցվելու է հայկական թերթի ցրիչ Ափոլոյի արձանը
Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» օրաթերթի 90-ամյակի առթիվ հայկական Բուրջ Համուդ ավանում կանգնեցվելու է «Ազդակ» թերթի ցրիչներից Սարգիս Դուդաքյանի արձանը: Այդ մասին arevelk.am-ը տեղեկացել է «Ազդակ»-ից: Թերթի երկարամյա ցրիչը հայության շրջանում հայտնի էր Ափոլո անունով: Նա, մինչեւ իր մահվան օրը, չնայած ծերությանը, շարունակում էր ցրել թերթը՝ այն բաժանելով հատկապես Մար Մխայել շրջանի բաժանորդներին: Թերթի ցրիչի գործը սփյուռքում ավանդաբար ընդունված աշխատանք է. բացի կրպակներում եւ այլ վայրերում վաճառվելուց, թերթը ցրիչների միջոցով վաղ առավոտյան հասնում է բաժանորդներին:
Այդ ավանդույթը շարունակվում է նաեւ այսօր: Ափոլոն հայկական թերթի ցրիչ է աշխատել վաղ տարիքից՝ «Ազդակը» բաժանորդներին հասցնելով անգամ քաղաքացիական պատերազմի տեղացող ռումբերի տակ:
Նրա արձանը կանգնեցնելով՝ Բուրջ Համուդի «Արին» աշխատավորական կենտրոնի վարչությունը հարգանքի տուրք է մատուցում սփյուռքի մամուլի նվիրյալներին: Արձանի հեղինակը Վարդան Ավեսյանն է, շինարարական աշխատանքները կատարում է Բուրջ Համուդի քաղաքապետարանը: