Ցուցարար Վ. Պետրոսյանի գործով կհարցաքննվեն նաև ոստիկանները
2017 թ. սեպտեմբերի 8-ին ՀՀ Վարչական դատարանում շարունակվեց 2016 թ. մարտին Մաշտոցի պողոտայում անցկացված ցույցի մասնակից Վ. Պետրոսյանի գործի քննությունը: Ոստիկանությունը պահանջում է պատասխանատվության ենթարկել վերջինիս ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 11-րդ և 15-րդ կետերի պահանջներով: Իսկ Վ. Պետրոսյանն ու վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տ. Սիրադեղյանը հակընդդեմ հայցով պահանջում են ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ Ոստիկանության՝ հավաքը ցրելու, իրեն ձերբակալելու, ֆիզիկական ուժ գործադրելու գործողությունները:
Այս դատական նիստին հետազոտվեցին դեպքի վերաբերյալ լրատվամիջոցներով տարածված տեսանյութերը: Դրանցում ոստիկանության աշխատակիցները խոսում են Վ. Պետրոսյանի հետ: ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչ Սոնա Մելիքյանի պնդմամբ՝ դա փաստում է այն մասին, որ ոստիկանները նրան պահանջ են ներկայացրել: Ապացույցները հետազոտելուց հետո դատարանը որոշեց գործով որպես վկա ներգրավվել պատասխանող Վ․ Պետրոսյանին, որը չառարկեց ցուցմունք տալ։
Դատարանի և կողմերի հարցերին ի պատասխան՝ Վ․ Պետրոսյանը հայտնեց, որ ոստիկանության աշխատակիցների կողմից իրեն վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության մեջ նշված պահանջը չի ներկայացվել, ավելին՝ հավաքի ընթացքում ինչպես ընդհանրական, այնպես էլ անձամբ իրեն որևէ պահանջ չի ներկայացվել։
Նա նշեց նաև, որ ձերբակալելու ժամանակ չեն պարզաբանվել ձերբակալման հիմքերը, իր կարգավիճակից բխող իրավունքներն ու պարտականությունները։
Դատական նիստի ընթացքում դատարանը հայցվոր կողմի ներկայացուցչից պարզեց, թե ոստիկանության որ աշխատակիցներն են պահանջ ներկայացրել Վ․ Պետրոսյանին և որոշեց գործով որպես վկա ներգրավել և հարցաքննել ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողներ Է. Ռշտունուն և Գ. Ավագյանին։ Հաջորդ դատական նիստը 2017 թ. հոկտեմբերի 6-ին է:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ